Հայ սուսերամարտիկներն ավարտեցին ելույթներն աշխարհի գավաթի խաղարկությունում
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուսերամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի երկու անդամները` Էդուարդ Օվիկյանը և Մայքլ Հովհաննիսյանը, մասնակցեցին աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվության բաժնից:
Էդուարդ Օվիկյանը (խոցասուսեր) խմբային փուլում տոնեց 3 հաղթանակ՝ մտնելով 128 լավագույնների մեջ: Այնուհետ կարողացավ հաղթել Իսպանիայի ներկայացուցչին, սակայն պարտվեց ռուս սուսերամարտիկին: Օվիկյանին հաջողվեց հաղթահարել երկու փուլ միայն: Այս մրցաձևում մասնակցում էին 278 մարզիկ աշխարհի տարբեր երկրներից:
Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր) խմբային փուլում տարավ 4 հաղթանակ: Վերջինիս հաջողվեց մտնել 64 լավագույնների մեջ, բայց պարտվեց ճապոնացի մարզիկին: Հովհաննիսյանը կարողացավ Օլիմպիական խաղերի վարկանիշային 2 միավոր ձեռք բերել:
Սուսերամարտիկների համար տարին ավարտված է: 2016 թվականին հունվարին կկայանա սուսերամարտի Հայաստանի առաջնությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում