Պաշտոնական

Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Գրադարանավարի օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Գրադարանավարի օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Գրադարանավարի օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Գրադարանային համակարգի հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ Գրադարանավարի օրվա առթիվ: Այսօր բոլոր նրանց տոնն է, ովքեր սիրում են գիրքը՝ գիրք գրողների, այն պահպանողների եւ ընթերցողների տոնը:

Մինչեւ հրատարակվելը գիրքը գրողի սեփականությունն է, լույս տեսնելուց հետո դուք դառնում եք այն պահպանողն ու տարածողը: Գրադարանների ընթերցասրահներում բազմանշանակ ու խորիմաստ լռություն կա, որը դաստիարակում է ու կրթում, գիտելիք տալիս ու մտածել սովորեցնում: Դուք, այդ լռությանը լեզու տալով, անմիջական երկխոսություն եք ստեղծում գրքի ու ընթերցողի միջեւ, որն ավանդաբար երբեք չի ընդհատվում:

Այսօր գրադարանները դարձել են նաեւ տարբեր մշակութային միջոցառումների, այդ թվում՝ գրքի շնորհանդեսների անցկացման սիրված վայրեր: Գրադարանային գործը արդիականացման գործընթացում է, իսկ գրադարանավարի աշխատանքը ընդլայնում է իր բովանդակությունը, սակայն երբեք չի կորցնում իր նշանակությունն ու արժեքը: Չնայած տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հաղորդակցակության միջոցների սրընթաց զարգացմանը՝ գիրքն ինքը երբեք չի կորցնում իր արժեքը եւ մնում է գիտելիքի անփոխարինելի աղբյուր, իսկ գրադարանավարը՝ ընթերցողի հավատարիմ աջակիցը:

Համոզված եմ, որ ձեր անգնահատելի աշխատանքը կշարունակի նպաստել մարդկանց եւ մշակույթի ու արվեստի շփմանն ու մերձեցմանը, քաղաքացու եւ հատկապես աճող սերնդի դաստիարակությանն ու նրանց մեջ համամարդկային արժեքների սերմանմանը:

Շնորհակալություն հայտնելով մասնագիտությանն անշահախնդիր նվիրվածության, քրտնաջան ու համբերատար աշխատանքի, գիրք սիրելու եւ այն քարոզելու, ընթերցողին մշտապես օգտակար լինելու ձգտումի համար՝ մաղթում եմ ձեզ առողջություն, բարեկեցություն եւ լավատեսություն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում