Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները. ՀՀ ԱԺ փոխնախագահ

Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի ահաբեկչական 
գործողությունները. ՀՀ ԱԺ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը հերթական անգամ ցույց է տալիս իր ահաբեկչական բնույթը և այն, որ դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի սեպտեմբերի 24-ի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով հակառակորդի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների գնդակոծությանը, որի արդյունքում կան զոհեր և վիրավորներ: «Խաղաղ բնակիչների նկատմամբ կրակելն առհասարակ բոլոր ժամանակներում անթույլատրելի է եղել: Կրակել խաղաղ բնակիչների վրա չի թույլատրվում նույնիսկ պատերազմի ժամանակ: Դա այլ բան չէ, քան ահաբեկչության բաղադրիչ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:

Նա նաև հայտարարեց, որ միջազգային հանրությունը պետք է տեսնի այս ամենը ու հստակ գնահատի և դատապարտի Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները: ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Ադրբեջանը Նյու Յորքում արտաքին գործերի նախարարի հանդիպումից առաջ կրկին լարված իրավիճակ է ստեղծում սահմանին՝ փորձելով խափանել բանակցային գործընթացը: «Ադրբեջանը կրկին ցույց է տալիս, որ դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին: Դեմ է այն առաջարկներին, որ անում են Մինսկի խմբի համանախագահները»,- շեշտեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը վստահություն հայտնեց, որ հայկական զինված ուժերը անհրաժեշտության դեպքում կկարողանան համարժեք  պատասխան տալ հակառակորդի գործողություններին՝ ընդգծելով, որ հայաստանյան համապատասխան գերատեսչությունների կողմից էլ կլինեն հայտարարություններ:

Հակառակորդի կրակոցներից Տավուշի մարզի Բերդավան համայնքում սեպտեմբերի 24-ին զոհվել է 2 քաղաքացիական անձ, 2-ը` վիրավորվել: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել էր ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Զոված քաղաքացիներն են`1974 թվականին ծնված Սոնա Ռևազյանը և 1921-ին ծնված Շուշան Ասատրյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տավուշի մեկ այլ սահմանամերձ Պառավաքար համայնքում հակառակորդի կրակոցից զոհվել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը:

ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական վարչությունից տեղեկացրել էին, որ հակառակորդը շարունակում է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտումը: Զոհեր և վիրավորներ զինվորականների շրջանում չկան:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am