Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Սեպտեմբերի 14-ից «Արմենիա TV»–ին կներկայացնի 6 տարբեր ալիքներ՝ ցանկացած նախասիրության համար

Սեպտեմբերի 14-ից «Արմենիա TV»–ին կներկայացնի 6 տարբեր ալիքներ՝ ցանկացած 
նախասիրության համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա Թի Վի» և «ՅՈՒՔՈՄ» ընկերությունների միջև սեպտեմբերի 7-ին ստորագրվեց համագործակցության մասին հուշագիր, որի համաձայն` սեպտեմբերի 14-ից սկսած` «Արմենիա» հեռուստաընկերությունն սկսում է «6 տարբեր Արմենիա» նախագիծը, որից կարող են օգտվել միայն «Յուքոմ» ընկերության հեռուստատեսային ոլորտում տրամադրվող ծառայության բաժանորդները: Այդ վեց ալիքներն են «Պրեմիում», «Հայ կինո», «Ջան TV», «Քոմեդի», «Տունտունիկ» և «Սինեմաքս», որոնց տարբերանշանները կլինեն համապատասխանաբար 1-6 թվերը: Բոլոր հեռուստաալիքները կհեռարձակվեն օրը 24 ժամ` առանց գովազդային դադարների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, ինչպես այսօր «Օպերա սյուիթ» հյուրանոցում կայացած մամուլի ասուլիսին ասաց «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանը, աշխարհի առաջատար եվրոպական բոլոր հեռուստաընկերությունները գնացել են հենց այս ճանապարհով: «Սա նոր «Արմենիա» հեռուստաընտանիքն է, որը կոչված է գոհացնելու հեռուստադիտողների լայն շերտերին: Հույս ունենք, որ յուրաքանչյուր հեռուստադիտող այստեղ կգտնի իր համար առավել նախընտրելի հեռուստաալիքը: Սա ժամանակի պահանջ է, որը իրականություն է դառնալու մեր հուսալի գործընկեր «Յուքոմ» ընկերության հետ համագործակցության արդյունքում»,-ասաց նա:

«Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանն էլ նշեց, որ առաջին անգամ չէ, որ «Արմենիա» հեռուստաընկերության հետ ծրագիր է իրականացվում և ընդգծեց, որ «Արմենիան» այն առաջատար հեռուստաալիքներից է, որն այսօր հեռարձակում է բարձր որակի կոնտենտ և բավականին հետարքիր հեռուստածրագրեր: «Այս վեց ալիքներից ես հատկապես առանձնացնում եմ «Հայ կինոն» ու «Տունտունիկը», որոնք բացառիկ են հայկական շուկայի համար և ներկայացնում են հայկական մշակույթը: «Տունտունիկը» երեխաներին տալիս է զարգանալու բացառիկ հնարավորություն, որին մենք սպասում էինք»,-ասաց նա:

«Արմենիա» հեռուստաընկերության ծրագրերի դեպարտամենտի ղեկավար Ռուբեն Արամյանն էլ ներկայացրեց, թե որ ալիքով ինչ կարելի է դիտել: Նա տեղեկացրեց, որ այս ալիքների հեռարձակումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ից սկսած: «Հեռուստավահանակի «զրո» կոճակի ներքո գործելու է «Պրեմիումը», այստեղ հեռարձակվելու են հեռուստաընկերության հաղորդումները HD որակով և առանց գովազդային դադարների: Բոլոր սիթքոմերն ու սերիալները հեռարձակվելու են մեկ օր շուտ, քան բուն Արմենիա TV-ով: Անակնկալ կա նաև ֆուտբոլասերների համար. Չեմպիոնների լիգայի խաղերը երկու անգամ ավելի շատ են ցուցադրվելու: Տուրի բոլոր կենտրոնական խաղերը ներկայացվելու են»,-ասաց նա:

Այնուհետև Ռուբեն Արամյանը նշեց, որ 304 կոճակի ներքո գործելու է «Հայ կինո» ալիքը, որտեղ ցուցադրվելու են հայկական արտադրության ֆիլմերն ու հեռուստասերիալները շուրջօրյա ռեժիմով։ 303 կոճակի ներքո գործելու է «Ջան TV»–ն և հնչելու է հայկական երաժշտություն՝ հայ երգիչ-երգչուհիների կատարմամբ, ինչպես նաև բացառիկ համերգներ: 302 կոճակի ներքո գործելու է «Արմքոմեդի» հեռուստաալիքը, որտեղ մեկ հարկի ներքո ներկայացվելու են հայկական հումորի բոլոր ներկայացուցիչները՝ իրենց հումորային մանրապատումներով ու սերիալներով: Կներկայացվեն ինչպես նոր, այնպես էլ հին մանրապատումներ: 301 կոճակի ներքո կներկայացվի «Տունտունիկ» ալիքը, որտեղ 24 ժամ կցուցադրվեն երեխաների համար նախատեսված ծրագրեր՝ մուլտերից մինչև ճանաչողական ֆիլմեր: 300 կոճակի ներքո կգործի «Սինեմաքս» ալիքը, որտեղ կցուցադրվեն գեղարվեստական ֆիլմեր ոչ միայն ամերիկյան արտադրության, այլ նաև եվրոպական:

«Եթե հիշում եք, տարիներ առաջ մենք ունեինք համանուն ալիք, որը դարձյալ կապ ուներ «Արմենիա» հեռուստաընկերության հետ, և մենք որոշեցինք չփոխել անունը և բարի համբավը վերականգնում ենք: Այս անգամ թարմացնելու ենք ֆիլմաշարը ամեն օր ու ցուցադրվելու են մեգահիթեր: Ցուցադրվելու են կինոարտադրության լավագույն նմուշները»,-ասաց Ռուբեն Արամյանը:

«Յուքոմ» ընկերության կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանն էլ նշեց, որ ալիքները գործելու են «Յուքոմ»-ի բոլոր բաժանորդների համար, այսինքն` հասանելի կլինեն բոլոր փաթեթների դեպքում, ընդ որում հավելյալ գումարի անհրաժեշտություն չի առաջանալու:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]