Պաշտոնական

Նաիրա Զոհրաբյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանին

3 րոպեի ընթերցում

Նաիրա Զոհրաբյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տայիսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նաիրա Զոհրաբյանը դեսպանին ներկայացրել է Հայաստանի ներքին եւ արտաքին օրակարգի հիմնախնդիրները:

Հիմնական անդրադարձը եղել է սահմանադրական փոփոխություններին: Ըստ դեսպանի՝ անչափ կարեւոր է, որ երկրի հիմնական քաղաքական ուժերը եւ նաեւ այնպիսի ծանրակշիռ քաղաքական կուսակցություն, ինչպիսին է «Բարգավաճ Հայաստան»-ը, անպայմանորեն իր ակտիվ մասնակցությունն ունենա սահմանադրական փոփոխությունների բովանդակային քննարկումներին: Այս առնչությամբ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է կուսակցության մոտեցումները, դիտարկումները եւ մտահոգությունները ներկայացված փաթեթի մի քանի առանցքային դրույթների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության խնդիրները: Նաիրա Զոհրաբյանը մտահոգություն է հայտնել, որ այնպիսի կարեւորագույն հարթակում, ինչպիսին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն է, քաղաքական հանձնաժողովի նախագահ, ադրբեջանական հստակ կողմնորոշմամբ հանդես եկող հունական պատվիրակության ներկայացուցիչ Դորա Բակոյանիսն ուղղակիորեն ստվեր է գցում հայ-հունական խորհրդարանական հարաբերությունների վրա: Այս առնչությամբ դեսպանը նշել է, որ իրենց հայտնի է Դորա Բակոյանիսի կողմնորոշումը եւ պաշտոնապես հայտարարել է, որ բազմիցս ասվել է, որ վերջինս չի ներկայացնում Հունաստանի պաշտոնական դիրքորոշումը եւ այդ մասին հրապարակավ հայտարարություն է եղել:

Կողմերը քննարկել են նաեւ հայ-հունական խորհրդարանական կապերն առավել խորացնելու խնդիրը: Իոանիս Տայիսին նշել է, որ իրենք ուշադիր հետեւում են ԲՀԿ-ում տեղի ունեցող գործընթացներին եւ իրենց համար շատ ողջունելի է, որ այսօր կուսակցությունն իր ամուր դիրքերում է:

Զրուցակիցները քննարկել են նաեւ Հունաստանում տիրող մտահոգիչ իրավիճակը. Նաիրա Զոհրաբյանը հույս է հայտնել, որ Հունաստանը կկարողանա իր մեջ գտնել ներուժ եւ վճռականություն ստեղծված բավականին բարդ սոցիալտնտեսական իրավիճակից դուրս գալու համար:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում