Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրոպական ազատ դաշինքի պատվիրակությանը
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Արցախի ժողովրդավարական կուսակցության հրավերով Ստեփանակերտ ժամանած Եվրոպական ազատ դաշինքի նախագահ Ֆրանսուա Ալֆոնսիին եւ Եվրախորհրդարանի անդամ Ջորդի Սեբաստիային: ԵԱԴ պատվիրակությանն ուղեկցում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է եվրոպական քաղաքական համակարգի հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական դաշտի առնչությունները` մասնավորապես ընդգծելով միջկուսակցական ձեւաչափով համագործակցության անհրաժեշտությունը:
Ֆրանսուա Ալֆոնսին նշել է, որ Եվրոպական ազատ դաշինքը պայքարում է ազգերի ինքնորոշման ճանաչման եւ ժողովրդավարական արժեքների ամրապնդման նույն գաղափարների համար, ինչին նաեւ ձգտում է Արցախը:
Կողմերը քննարկել են հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով երկուստեք կուտակված փորձի փոխանակումը:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ «ժողովրդավարություն» խմբակցության անդամները:
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը 2015թ. ապրիլի 17-ին դարձել է Եվրոպական ազատ դաշինքի ասոցացված անդամ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում