Կառավարություն

Ավարտվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Ֆրանսիա

2 րոպեի ընթերցում

Ավարտվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Ֆրանսիա

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ավարտին պատվիրակության անդամների հետ այցելել է Փարիզի Երևանյան պուրակ, ծաղկեպսակ է դրել Կոմիտասի արձանին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այնուհետև վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Փարիզի Հայ Առաքելական եկեղեցի և Ֆրանսիայում և Եվրոպայում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդարան, որտեղ նրանց դիմավորել է Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Առաջնորդարանում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա իր խոսքում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, արտաքին քաղաքականությանը, տնտեսական քաղաքականությանը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, պատասխանել է մեր հայրենակիցներին հուզող բազմաթիվ հարցերի:

Հովիկ Աբրահամյանը առանձնահատուկ կարևորել է հայապահպանության, հայոց ուսուցման հարցերը: Վարչապետն ընդգծել է, որ մատաղ սերնդին հայերեն ուսուցանելու համար պատրաստ է ցանկացած աջակցության: Նա իր խոսքում առանձնացրել է հատկապես այն հանգամանքը, որ զարգացնելով հայերենի իմացությունը, այն նախ և առաջ կօգնի նոր սերնդին մնալ հայ՝ օտար ափերում պահպանելով հայի ինքնությունը: Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Ֆրանսիայի հայ համայնքը ծավալած հասարակական, տնտեսական, մշակութային գործունեությամբ բարձր է պահում հայ ժողովրդի հեղինակությունը և մեծ ներդրում ունի Ֆրանսիայի զարգացման գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում