Արցախ

ԼՂՀ Գերագույն դատարանն անփոփոխ է թողել ադրբեջանցի դիվերսանտների գործով վճիռը

2 րոպեի ընթերցում

ԼՂՀ Գերագույն դատարանն անփոփոխ է թողել ադրբեջանցի դիվերսանտների գործով վճիռը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Գերագույն դատարանը մայիսի 27-ի դռնբաց դատական նիստում վճռաբեկության կարգով քննության առնելով անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի դատապաշտպաններ Էրիկ Բեգլարյանի և Արկադի Իսրայելյանի վճռաբեկ բողոքները՝ վճռել է ուժի մեջ թողնել ԼՂՀ Վերաքննիչ դատարանի 2015 թվականի մարտի 10-ի որոշումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, դատական նիստը վարել են դատավորներ Արսեն Հայրապետյանը և Գայանե Գրիգորյանը՝ Վոլոդյա Հովսեփյանի նախագահությամբ, ով, հրապարակելով Գերագույն դատարանի վճիռը, նշել է, որ որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից,վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Դիլհամ Ասկերովի փաստաբան Էրիկ Բեգլարյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ դատական բողոքարկման բոլոր հնարավորություններն օգտագործվել են, իսկ ԼՂՀ նախագահին ներման խնդրագրով դիմելու հնարավորությունն օգտագործելու հարցում իր պաշտպանյալը դեռ չի կողմնորոշվել:

Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7-րդ, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիևին 5-րդ հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի համար։

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների վճիռներով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում