Արցախ

Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի 6-րդ գումարման ԱԺ-ի առաջին նստաշրջանի բացմանը

3 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի 6-րդ գումարման ԱԺ-ի առաջին նստաշրջանի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին մասնակցել է Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացմանը եւ այնտեղ հանդես եկել ողջույնի խոսքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը շնորհավորել է ներկաներին 6-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկի կապակցությամբ` նշելով, որ ազատ մրցակցությամբ, ժողովրդավարական սկզբունքներին համահունչ անցկացված ընտրությունները կարեւոր հիմք են հանդիսանում նոր ձեւավորված խորհրդարանի արդյունավետ աշխատանքի համար:

Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին՝ իրենց աշխատանքի համար`հավելելով, որ նախորդ խորհրդարանն իրականացրել է բավականին ծավալուն աշխատանք օրենսդրական դաշտում` ընդգծված դերակատարություն ունենալով մեր հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքական կյանքում:

Անդրադառնալով 6-րդ գումարման Ազգային ժողովին` երկրի ղեկավարն ընդգծել է, որ այն, լինելով մշտական հիմունքներով գործող, պրոֆեսիոնալ խորհրդարան, պատասխանատվության բարձր աստիճան է պահանջելու յուրաքանչյուր պատգամավորից: «Սպասելիքները նոր խորհրդարանից առաջին հերթին վերաբերում են օրինաստեղծ գործունեությանը: Հույս ունենք, որ նոր որակ կհաղորդվի օրենքների մշակման աշխատանքներին՝ հաշվի առնելով զարգացած երկրների փորձը եւ մեր հանրապետության առանձնահատկությունները», - իր խոսքում ընդգծել է Բակո Սահակյանը:

Նախագահը կարեւորել է նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացմանն ուղղված Ազգային ժողովի աշխատանքը` այն դիտարկելով որպես երկկողմ հարաբերությունների հաստատման եւ Արցախի միջազգային ճանաչման արդյունավետ միջոցներից մեկը:

«Ազգային ժողովի աշխատանքների արդյունավետ իրականացումը մեծապես կախված է այն քաղաքակիրթ, աշխատանքային եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտից, որը պետք է առկա լինի խորհրդարանում»,- իր ելույթում նշել է Բակո Սահակյանը: Ըստ Նախագահի` նման մթնոլորտի ձեւավորումը հանդիսանում է քաղաքական մշակույթի բաղադրամասերից մեկը, իսկ Արցախը, գտնվելով յուրահատուկ աշխարհաքաղաքական իրավիճակում, պետք է ամեն ինչ անի, որպեսզի ունենա բարձր եւ օրինակելի քաղաքական մշակույթ:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում