Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Արմմոնո»-ն այս տարի հանրությանը կներկայացնի 31 ներկայացում

«Արմմոնո»-ն այս տարի հանրությանը կներկայացնի 31 ներկայացում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետաքրքիր մոնոներկայացումներ հանրության դատին հանձնող «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը մեկնարկում է: Հայաստանի թատերական գործիչների միությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մայիսի 6–11-ը Երևանում կանցկացնի մոնոներկայացումների  ամենամյա 13-րդ փառատոնը: Փառատոնի շրջանակում այս տարի կցուցադրվի 31 ներկայացում Հայաստանից, ԱՄՆ-ից, Քուվեյթից, Մարոկկոյից, Եգիպտոսից, Բուլղարիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Լիտվայից, Իրանից: 

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը փառատոնի մեկնարկին նվիրված ասուլիսի ընթացքում նշեց, որ փառատոնի բացումը տեղի կունենա մայիսի 6-ին Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում:

«Այս տարվա փառատոնը բավականին խիտ է՝ 31 ներկայացում վեց օրվա ընթացքում:  «Արմմոնո»-ի համար ավանդական է դարձել նոր խորագրեր ունենալը. այս տարի նոր է «Արմմոնո-Կլաս» ծրագիրը, որին մասնակցելու են դպրոցականներ՝ Պուշկինի անվան դպրոցի սաները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Մարիաննա Մխիթարյանը:

Նրա խոսքով՝ ցանկացած մարդ իրեն հետաքրքրող ներկայացում կարող է գտնել: Փառատոնի բացմանը կցուցադրվեն Արեգ Գևորգյանի, Հռիփսիմե Շահինյանի, Բրեմներ Ֆլետչերի ներկայացումները: Մխիթարյանի խոսքով՝ փառատոնին շատ երիտասարդ մասնագետներ են մասնակցելու:

ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության թատերարվեստի գծով մասնագետ Նաիրա Հայրապետյանի խոսքով՝ փառատոնը նոր սերնդի և նոր անունների բացահայտման հնարավորություն է տալիս:

«Այն նպաստում է ոլորտի զարգացմանը, ընդլայնում է սահմանները: Մաղթում եմ մասնակիցներին նորանոր հաղթանակներ»,-նշեց նա:
Հայ թատերասեր հանրությանը արդեն ծանոթ ՌԴ վաստակավոր արտիստ Իրինա Եվդոկիմովան փառատոնի ընթացքում կներկայանա «Շտո-ս» մոնոներկայացումով, որը բազմաթիվ մրցանակների է արժանացել տարբեր միջազգային թատերական փառատոներում: 
Ի. Եվդոկիմովան կներկայացնի նաև «Սպիտակ վալս» գրական-երաժշտական կոմպոզիցիան՝ նվիրված Մայիսյան հաղթանակներին: 
Դերասանուհի Ելենա Դուդիչը (Բելառուս) կներկայանա «Մռնչացող ճնճղուկը» մոնոներկայացումով: 
Փառատոնի շրջանակում կցուցադրվի 2 մոնոներկայացում Լեհաստանից: Դերասանուհի Վիոլետ Կոմարը հայ հանդիսատեսին կներկայացնի Ս. Քեյնի «Փսիխոզ» և Մ. Գաուերի «Դիվա» մոնոներկայացումները: 
Դերասան Գեորգի Գոտսինը (Բուլղարիա) կներկայանա «Խելագարի հիշատակարանը» մոնոներկայացմամբ: 
Այս տարի փառատոնի օրերին կանցկացվի «Արաբական երկրների օր»: Հայ հանդիսատեսը կծանոթանա արդի արաբական թատրոնի զարգացումներին:
Փառատոնին կմասնակցեն նաև Զարուհի Խաչատրյանը՝ «Անլռելի զանգակատուն» (ըստ` Պ. Սևակի) գրական-երաժշտական կոմպոզիցիայով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Նորա Բադալյանը՝ «Քիչ ավելի, քիչ պակաս», Ագնեսա Շահնազարյանը՝ «Շատերից մեկը», Անահիտ Մութաֆյանը՝ «Ճիչը», Հասմիկ Տեր-Կարապետյանը՝ «Ժամանակի վարագույրը», Արամ Գյուրջյանը՝ «Մամուլի ասուլիս » մոնոներկայացումներով: 
«Արմմոնո-Դեբյուտ» ծրագրում հանդես կգան Նորա Գրիգորյանը «Ճամփորդը», Արինե Սուքիասյանը «Անկում վերելքի համար», Հռիփսիմե Շահինյանը «Ինչպես չբեմադրվեց» մոնոներկայացումներով: «Արմմոնո-Դեբյուտ» ծրագիրն այս տարի համատեղ կազմել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ. կցուցադրվեն ուսանողական աշխատանքներ: 
«Արմմոնո-Տրիումֆ» ծրագրում կներկայացվեն նախորդ տարվա հաջողություն ունեցած ներկայացումները: 2014 թ. մոնոներկայացումների միջազգային փառատոնների է մասնակցել Արա Գևորգյանը. «Ծխախոտի վնասի մասին» մոնոներկայացումը ցուցադրվել է «ATSPINDIS» IX (Լիտվա), ինչպես նաև Մոլդովայի միջազգային թատերական փառատոններում: 
«Արմմոնո-Դեբյուտ» ծրագրում 2014 թ. հաջողություն ունեցած Նարեկ Հարությունյանն այս տարի «Ռոմեո» մոնոներկայացումը կցուցադրի «Արմմոնո-Տրիումֆ»-ում նոր մեկնաբանությամբ:

«Արմմոնո» փառատոնի հյուրերի թվում են մոնոներկայացումների միջազգային փառատոնների տնօրեններ՝ Նինա Մազուրը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ), Իոլանտա Սուտովիչը (Գերմանիա), Մարիա Տանանան (Լիտվա), Վեցլավ Գերասը (Լեհաստան), Իբրահիմ Քասիմ Ասիրին (Սաուդյան Արաբիա): Փառատոնի շրջանակում կանցկացվեն վարպետության դասեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am