Տնտեսություն

Ռուսաստանը կնվազեցնի Հայաստան մատակարարվող գազի գինը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը կնվազեցնի Հայաստան մատակարարվող գազի գինը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի հանդիպման ընթացքում Հայաստանի համար գազի սակագնի զեղչի պայմանավորվածություն է ձեռք բերվել: «Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի մուտքով պայմանավորված` գազի սակագինը Հայաստանի համար կիջեցվի և կկազմի 165 դոլար 1000 խմ-ի դիմաց: Նման սակագնի սահմանումը թույլ կտա նաեւ ներդրումներ կատարել գազամատակարարման համակարգի մոդերնիզացման աշխատանքներում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարել է Միլլերը` այցի արդյունքներն ամփոփելով «Ռոսսիա 24» հեռուստաընկերության եթերում:

Նա տեղեկացրել է նաեւ, որ հայկական կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն` մշակելու գազամատակարարման եւ գազիֆիկացման աշխատանքների սխեմա, որն ամբողջովին պատրաստ կլինի մինչև աշուն: Ըստ այդ սխեմայի` առաջնահերթ նպատակ է դրված Հայաստանի գազիֆիկացումը հասցնել 100 տոկոսի:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին ընդունել է ապրիլի 16-ին: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսության առաջատար ընկերություններից մեկի՝ «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով մեր երկրում «Գազպրոմ» ընկերության կողմից իրականացվող գործունեությունը, որն ուղղակիորեն անդրադառնում է նաև տնտեսության այլ ճյուղերի զարգացման վրա:

Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագինը ներկայում 189 դոլար է` 1000 խմ-ի դիմաց:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում