Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ադրբեջանը յուրովի է հասկանում մարդասիրությունը. Էդվարդ Նալբանդյան

Ադրբեջանը յուրովի է հասկանում մարդասիրությունը. Էդվարդ Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների կատարած հանցագործությունները, սպանությունները բացահայտված, փաստագրված և ապացուցված են՝ ներառյալ 17-ամյա պատանու առևանգումը և սպանությունը: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին: «Իսկ միջազգային հանրությանը քաջ հայտնի է, թե ինչպես են Ադրբեջանում հերոսացնում մարդասպաններին, ինչպես եղավ տխրահռչակ Սաֆարովի դեպքում, որը միակ դեպքը չէր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:

Անդրադառնալով պատգամավորի հարցադրմանը, թե միջազգային հանրությունն սկսել է Հայաստանից պահանջել մարդասիրական քայլ կատարել և դիվերսանտներին հանձնել Ադրբեջանին, Նալբանդյանն նկատեց, թե բնական է համարում, որ միջազգային քաղաքակիրթ հանրությունը խոսում է մարդասիրական քայլի մասին: «Սակայն ինչ մարդասիրության մասին մենք կարող ենք խոսել Ադրբեջանի պարագայում: Ադրբեջանում հայտնված քանի՞ Հայաստանի քաղաքացիական անձինք ադրբեջանցիների կողմից ահաբեկչական ոճով նվաստացվել են տեսախցիկների առաջ և սպանվել: Կամ ի՞նչ մարդասիրությամբ էին առաջնորդվում ադրբեջանցիները, երբ մերժում էին միջազգային հանրության՝ այդ թվում Կարմիր Խաչի, ԵԱՀԿ-ի, Մինսկի խմբի կոչերը, որ պայմաններ ստեղծեն, որպեսզի խոցված հայկական ուղղաթիռի անկման վայրից տեղահանվեն զոհված օդաչուների աճյունները»,- նշեց Նալբանդյանը:

Նա ընդգծեց, որ  բոլորին է հայտնի, թե այդ նույն ադրբեջանցի «մեծ մարդասերները» ինչպես են վերաբերում իրենց սեփական քաղաքացիների հետ: «Այնտեղ խոշտանգում են այն մարդկանց, ովքեր խաղաղության և մարդասիրության ջատագովներն են: Այսինքն՝ այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը յուրովի է հասկանում մարդասիրությունը, իսկ մարդասիրության իրական դրսևորումներն օգտագործում է, որպեսզի  երկրում ավելի խորացնի ատելությունը և այլատյացությունը»,- նշեց նա:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ ադրբեջանցիների տարածած տեղեկատվությունը, թե Երևանում գտնվելու ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բարձրացրել են դիվերսանտների հարցը, իրականությանը չի համապատասխանում:

Նալբանդյանը հավաստիացրեց, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին մանրամասն ներկայացվել բոլոր փաստարկները՝ ընդգծելով, որ  նույնն արվում է նաև օտար երկրներում  հայկական  դիվանագիտական ներկայացուցչությունների  կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am