Իրավունք

Հանրային իրավունքի փոփոխությունները ՀՀ-ում ամենադինամիկ զարգացող ուղղություններից են. արդարադատության նախարար

4 րոպեի ընթերցում

Հանրային իրավունքի փոփոխությունները ՀՀ-ում ամենադինամիկ զարգացող ուղղություններից են. արդարադատության նախարար

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը դեկտեմբերի 17-ինընդունել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Սպիրիդոն Ֆլոգաիտիսին: Նախարարը ողջունել է հյուրին՝ շնորհավորելով Հայաստանում այսօր Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության գրասենյակի բացման կապակցությամբ: Նա նշել է, որ հանրային իրավունքի ոլորտային փոփոխությունները մեր երկրում ամենադինամիկ զարգացող ուղղություններից են: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հյուրի խնդրանքով անդրադառնալով Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ Հովհաննես Մանուկյանը ասել է, որ բարեփոխումների գործընթացը ՀՀ Նախագահի կողմից ձեռնարկվել է՝ ելնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման Սահմանադրության դրույթները կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից: Այնուհետեւ նախարարն անդրադարձել է դատաիրավական ոլորտի բարեփոխումներին՝ նշելով, որ ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգի և դատական իշխանության ապահովումը: Պրոֆեսորը նախարարին տեղեկացրել է, որ իրենց կազմակերպության նպատակներում ներառված են իրավաբանական կրթությունը, հետազոտություն իրականացնելը, ուսուցումը և հաստատությունների զարգացումը:

Նա իր պատրաստակամությունն է հայտնել Հայաստանի մասնաճյուղի միջոցով զարգացնել այդ բոլոր ուղղությունները, միևնույն ժամանակ շեշտելով, որ նախարարի համաձայնությամբ կարող են աջակցել ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվող նախաձեռնություններին: Նախարարը սիրով ընդունել է հյուրի առաջարկը՝ կարևորելով հետագա համագործակցության անհրաժեշտությունը: Կողմերն անդրադաձել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք այլ հարցերի, մասնավորապես՝ իրավաբանների վերապատրաստմանը, ուսումնական ծրագրերի արդյունավետությանը և տեղայնացմանը: Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ Սպիրիդոն Ֆլոգաիտիսը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, կարևորել է այն, որ Հայաստանը վավերացրել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության ստեղծման պայմանագիրը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀԻԵԿ հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Մինասյանը և ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյանը: ՀԻԵԿ-ը հիմնադրվել է 2007 թվականին, Հունաստանում։ Այսօր 14 երկրներ, 6 միջազգային կազմակերպություններ և հանրային մարմիններ, ինչպես նաև 64 համալսարաններ ու ինստիտուտներ ՀԻԵԿ-ի անդամ են։ Ունենալով իր գլխամասն Աթենքում՝ ՀԻԵԿ-ն ունի 14 գրասենյակ ամբողջ աշխարհում։ Մինչ այսօր ՀԻԵԿ-ը զարգացրել, կազմակերպել և աջակցել է շուրջ 200 կրթական, հետազոտական, վերապատրաստման, ինստիտուտների ստեղծման և այլ ծրագրեր ավելի քան 70 երկրներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում