ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ հայկական հարցի վերաբերյալ քննարկումները, բնականաբար, ավելի մեծ թափ են ստանալու ինչպես հայերի, այնպես էլ թուրքերի շրջանում: Սակայն այդ քննարկումները դեռևս երաշխիք չեն, որ խնդրում մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը որևէ դրական տեղաշարժ կամ բեկում տեղի կունենա: «Արմենպրես»-ն այս հարցերի շուրջ զրույցել է Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ժամանակ» պարբերականի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի հետ` փորձելով հասկանալ թեմայի վերաբերյալ նրա կարծիքներն ու տեսակետերը:
-Վերջին ամիսների ընթացքում մի շարք թուրք մտավորականների այցը Հայաստան ցույց տվեց, որ թե՛ հայկական, թե՛թուրքական կողմում կա միմյանց հասկանալու և հասկացվելու լուրջ խնդիր: Ըստ Ձեզ, ի՞նչը կարող է օգնել այս խնդիրը փոքրիշատե կարգավորելուն:
-Եթե մեկ բառով պատասխանեմ՝ ժամանակը: Այս խնդրահարույց հարաբերությունները կարգավորելու համար անհրաժեշտ է լուրջ քաղաքական կամք: Եվ այդ կամքը պետք է լինի պետական մակարդակի վրա, որպեսզի կարգավորման գործընթացը շատ ավելի ամուր հիմքերի վրա լինի: Իսկ քանի որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները ոչ միայն բնականոն չեն, այլև դրանց վրա են բարդված ցյուրիխյան ձախողված արձանագրությունները և խորացված է անվստահության մթնոլորտը, այսօր պետությունների կողմից նախաձեռնություն վերցնելու հնարավորությունը սահմանափակ է: Այս պայմաններում գործընթացն առաջ է գնում առավելապես հասարակակական հարթության վրա, որը, բնականաբար, կարող է ողջունելի դրսևորումներ ունենալ, բայց մենք պետք է համաձայնենք, որ հասարակակական երկխոսությունը չի կարող փոխարինել պետությունների միջև եղած հարաբերությունները: Այս պայմաններում Թուրքիան 3 առանցքների շուրջ է տանում իր գործունեությունը: Մեկը սփյուռքահայության հետ աշխատանքն է, որը տեղի է ունենում անհատների կամ որոշ կառույցների շփման միջոցով: Մյուսը Հայաստանն է, սակայն այդ առանցքի վրա Թուրքիան իր նախաձեռնությունների թափը իջեցրել է, քանի որ այդ առանցքը դիտարկում է տարածաշրջանային ամբողջի մեջ, իսկ ԼՂ հակամարտությունը Թուրքիայի տեսակետից զսպիչ գործոն է հայկական հարցում: Եվ կան նաև Թուրքիայի հայկական արմատներով քաղաքացիների նախաձեռնությունները: Նաև շոշափելի փաստ է, որ Թուրքիայի Հանրապետությունում հայկական ազգային հաստատությունների նկատմամբ պետական վերաբերմունքում դրական տեղաշարժեր են լինում, Թուրքիայում հայկական ճարտարապետական, մշակութային ժառանգությունը, այս տարածքում հայերի պատմական ներկայությունն ավելի են շեշտադրվում: Այս առանցքների շուրջ Թուրքիան փորձում է հասարակական երկխոսության մակարդակով որոշ քայլեր անել: Վերջին տարիներին Թուրքիայում սկսեցին ապրիլքսանչորսյան ոգեկոչումները, թուրքական հասարակությունում ավելի մեծ հնչողություն ստացան հայկական հարցի վերաբերյալ այլընտրանքային մոտեցումները, որոնք տարբերվում են պաշտոնական գաղափարախոսությունից բխած պատմության մատուցած տվյալներից: Ամենավառ քայլը, որ 2015-ին ընդառաջ արեց թուրքական պետությունը, անցյալ տարի ապրիլի 24-ից մեկ օր առաջ այդ ժամանակվա վարչապետ, ներկայիս նախագահ Էրդողանի ցավակցական ուղերձն էր: Մենք այդ ցավակցականի արձագանքներից կարող ենք չափել կողմերում տիրող մթնոլորտը: Հարցը թուրքական կողմից դիտարկելիս դա մեծ քայլ էր, որովհետև ի վերջո Թուրքիան իր լրիվ ուրացողի դիրքերը գոնե տարբերվող բանաձևմամբ ճկունացնելու ազդանշան տվեց: Իսկ մեդալի մյուս կողմն այն էր, թե այդ ցավակցությունն ո՞ւմ էր հասցեագրված: Հայությունը չբավարարվեց այդ երևույթով:
-Այսինքն, Դուք անկեղծ համարո՞ւմ եք այդ ցավակցական ուղերձը: Գուցե այդ «համընդհանուր ցավի» գաղափարը, որն Էրդողանն առաջ քաշեց իր ուղերձում, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի թուրքական նոր, ձևափոխված տարբերա՞կն է:
-Կարծում եմ, որ մի կողմից ճիշտ չի լինի ցանկացած ցավակցություն անկեղծության իմաստով փորձաքարի առաջ կանգնեցնելը: Սակայն մյուս կողմից էլ պետք է իմանանք, որ ցավակցությունը գալիս է պետության կողմից և բնականաբար պետությունը տվյալ պահին իր քաղաքական շահերից, իր առաջնահերթություններից հրաժարված չէ և նման քայլ կատարում է հենց այդ կոնտեքստում: 2015-ին ընդառաջ շարունակվում է միմյանց անհաղորդ պայմաններում փոխադարձ նախաձեռնությունները: Եվ եթե հաշվի ենք առնում այս ամենը, ապա տեսնում ենք, որ 2015-ին բեկումնային բանի հասնելու հեռանկար չկա: Այդ բեկումի համար պետք է մի քիչ էլ համբատար լինել:
-ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեռևս մայիսին հայտարարեց, որ Թուրքիայի նախագահին, ով էլ որ ընտրվեր օգոստոսին կայանալիք ընտրություններում, 2015 թվականի ապրիլի 24-ին հրավիրում է Հայաստան: Ի՞նչ եք կարծում, 2015 թվականի ապրիլի 24-ին, թեկուզև ոչ նախագահական մակարդակով, Թուրքիայից որևէ բարձրաստիճան պաշտոնյա կայցելի՞ Հայաստան:
-Շատ կառուցողական և կշռադատված նախաձեռնություն էր Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը: Շատ դիպուկ ձևով արտահայտվեցին Հայաստանի խաղաղամետ տրամադրությունները, այն, թե Հայաստանի պետականությունը որքան է կարևորում երկու հարևանների համակեցությունը և որ հայացքն ուղղված է դեպի ապագան: Ցյուրիխյան արձանագրությունների ձախողումով անդամալուծված պետական հարաբերությունները թափ տվեցին հասարակական երկխոսությանը: Բայց քանի որ անկարելի էր նման կերպ փոխարինել պետական հարաբերությունները, հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը պետական առանցքից փոքր-ինչ շեղված էր: Այդ շեղումը հայտնի դարձավ հենց Էրդողանի հրապարակած ցավակցականի արձագանքներից: Պետության գլխավոր դեմքն ասեց մի բան, որին հայկական աշխարհից շատ արձագանք եկավ, ինչը, սակայն, չուներ համապատասխան մակարդակ: Եվ հանկարծ հնչեց ՀՀ Նախագահի կարծիքը, ով շատ պրագմատիկ ձևով առաջարկ արեց: Նախագահն իր այդ արածով կարևորեց գործնականությունը, քանի որ հայ-թուրքական հարաբերություններում խոսքի մակարդակով արտահայտված է ցանկացած դրական պատգամ, բայց գործը պակասում է: Սերժ Սարգսյանը մատը դրեց գործնականության վրա: Եվ ի վերջո Էրդողանի ցավականցականի պատասխանն ակամա համարվեց իր ասածը և Նախագահն իր այդ քայլով ապահովեց, որ հայ-թուրքական հարաբերություններն իրենց շեղված պետական առանցքին վերադառնան: Ընդառաջ կգնա՞ թուրքական կողմը, թե չի գնա՝ նման կանխատեսում անելու համար դեռ վաղ է: Արտգործնախարար Նալբանդյանը Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ նախագահին հանձնեց այդ հրավերը, որն այժմ Էրդողանի աշխատասեղանի վրա է: Տարեմուտի միջավայրը շնչելուց, հայկական կողմի նախաձեռնությունների մեկնարկի ազդեցությունը տեսնելուց, միջազգային ընտանիքի վերաբերմունքին վերահասու դառնալուց հետո միայն թուրքական կողմը կկողմնորոշվի՝ ընդառաջ գնալ այդ հրավերին, թե ոչ, և եթե գնալ, ապա ինչ մակարդակով:
-Ցանկացած պետություն ավելի ուժեղ է դառնում սեփական պատմության հետ առերեսվելու միջոցով: Դրա վառ օրինակն է Գերմանիան, որը ճանաչեց հրաների Հոլոքոստը: Սակայն Թուրքիան մինչ օրս չի ցանկանում գնալ այդ քայլի: Ըստ Ձեզ՝ ի՞նչից է վախենում Թուրքիան, գուցե իրավական փոխհատուցո՞ւմն է, որ զսպում է թուրքական պետությանը:
-Կարծում եմ՝ իրերի դրվածքը բոլորովին տարբեր է: Թեպետ միջազգային փորձը ցույց է տալիս այդպիսի նախաձեռնությունների երկարաժամկետ օգուտների մասին, սակայն այդ պահի հասունացման հանգամանքները կարող են տարբերվել: Թուրքիայի համար չկա այդպիսի պահի հասունացում: Արևմտյան աշխարհի փորձառությունն օգտակար է, բայց չպետք է մոռանալ, որ նրանք էլ ունեն կրկնակի ստանդարտներ: Մենք պետք է ունենանք այն գիտակցությունը, որ այս գործընթացը պետք է հասունանա մեր տարածաշրջանի և հարևանության ուրույն գործոնների պայմաններում: Փորձը ցույց է տվել, որ երրորդ կողմի ճնշումները Թուրքիայի վրա բացարձակ ազդեցություն չեն գործում հայկական հարցում քաղաքականության ճկունացման կամ վերանայման տեսանկյունից: Թուրքիան իր կողմից ինչ-որ քայլեր անում է, որոնք հայկական կողմի համար կարող են լինել անբավարար, սակայն նման քայլերի գնում է, երբ զգում է իրեն ամուր դիրքերի վրա:
Միայն ցամաքից պետությունն ունի 7 հարևան՝ չհաշված ծովային հարևանները, հետևաբար Թուրքիան իր առջև դրված ցանկացած խնդրահարույց պահանջի ժամանակ սակարկելու անսահամափակ հնարավորություն ունի: Մենք պետք է խոսենք հնարավորինս հաշվի առնելով երկու պետությունների կշիռը: Բացի այդ, այս տարածաշրջանն այսօր աշխարհի տարբեր գերտերությունների շահերի բախման շրջան է: Այս ամենը գործոններ են, որոնք պետք է հաշվի առնել: Կարծում եմ, պետք է մի քիչ համբերատար լինել:
-Վերջերս Էթյեն Մահչուփյանը մի հարցազրույց էր տվել, որտեղ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորել էր նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ: Որքանո՞վ եք ճիշտ գնահատում վարչապետի ազգությամբ հայ խորհրդականի նման հայտարարությունը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան հարցով պայմանավորելը՝ մի հարց, որն առհասարակ չպետք է լինի հայ-թուրքական հարաբերությունների օրակարգում:
-Թերևս այդ պատասխանատվության մակարդակի վրա հայկական արմատներն այդքան էլ առաջնային չեն: Պետք է հաշվի առնել շատ ուրիշ հանգամանքներ: Մահչուփյանն այնպիսի տեսաբան է, ով վերջին 20-25 տարիներին Թուրքիայի պաշտոնական գաղափարախոսությունը շատ հանգամանորեն հարցաքննել է, և եթե այսօր ասում ենք, որ հայկական հարցը դադարել է տաբու լինել Թուրքիայում, Մահչուփյանն էլ իր լուրջ դերակատարությունն ունի այդ գործում: Գուցե Դուք կարող եք այդ դերակատարությունը ոչ բավարար համարել, բայց նա հայկական հարցի վերաբերյալ հանգամանորեն տիրապետում է պաշտոնական գաղափարախոսության մատուցած պատմությունից տարբերվող տվյալների և դրանք բարձրաձայնում է հասարակության մոտ: Երևանի պաշտոնական դիրքորոշումն այնպիսին է, որ հայ-թուրքական հարաբերությունների օրակարգում տեղ չունի ԼՂ հակամարտությունը, սակայն քանի որ հարցերը միակողմանի չեն, չենք կարող անտեսել, որ Թուրքիայի կողմոնորշմամբ էլ այս հարցն առանցքային դերակատարում ունի: Եվ մեզ համար անակնկալ չէ այս երևույթը: Երկու հարևանների հարաբերություններն ունեն պրոբլեմատիկ օրակարգ, և դա խորանում է այն պատճառով, որ շատ խնդիրներում կողմերն ունեն հակադիր կեցվածքներ: Ամեն դեպքում երկու կողմերի տեսակետերն անտեսել հնարավոր չէ: Հարցն այն է, թե ինչպես դուրս գալ այդ փակուղուց: Մահչուփյանն ինձ տված հարցազրույցում ասաց, որ Թուրքիայի առաջնահերթություններում հայկական հարցն օրակարգային 3 խնդիրների մեջ չի մտնում: Միջին չափի հարցերի շարքում է: Այսօր չկան անհրաժեշտ պայմաններ այդ երևույթը փոխելու համար: Սակայն դա կարող է փոխվել, եթե հայկական կողմն այնպիսի նոր գաղափար մատուցի, որին Թուրքիան պարտավորվի արձագանքել: Այսինքն, այժմ այդ հարաբերությունների կարգավորման շուրջ արձանագրությունների ձախողմանը հաջորդած վստահության վերացման հաղթահարման փուլն է: Մահչուփյանի բանաձևմամբ՝ թուրքական կողմը 2015 թվականը դիտարկում է հայկական կողմի լիցքաթափման տարի և արդեն 2016-ին միայն ինչ-որ քայլ կարող է ձեռնարկվել:
Հարցազրույցը Արաքս Կասյանի