Քաղաքականություն

Հայաստանը չի գնա ԼՂՀ անվտանգությունը վտանգող քայլերի

2 րոպեի ընթերցում

Հայաստանը չի գնա ԼՂՀ անվտանգությունը վտանգող քայլերի

ԾԱՂԿԱՁՈՐ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը երբեք չի գնա քայլերի, որոնք կարող են վնասել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությանը: Այս մասին Ծաղկաձորում լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի ԵՏՄ անդամ դառնալուց հետո ՀՀ և ԼՂՀ սահմանին մաքսակետ լինելո՞ւ է, թե՞ ոչ: «Հայաստանի համար ընդունելի չէ ցանկացած երևույթ, որ կարող է վնասել Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը: Մենք երբեք չենք գնա նման քայլերի, լինի դա մաքսակետի տեղադրում, թե այլ հարց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սահակյանը:

Գալուստ Սահակյանը հիշեցրեց, որ Հայաստանն առանց ԼՂՀ-ի անդամակցում է նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, սակայն Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ հավասար այդ գործառույթներից օգտվում է: «Այնպես որ՝ մաքսակետ լինի, թե չլինի, այդ խնդիրները ինձ համար և իմ քաղաքական թիմի համար քննարկելի չեն, քանի որ Լեռնային Ղարաբաղին այդ առումով որևէ վտանգ չի սպառնում»,- նշեց Սահակյանը:

Հարցին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայաստանի հետ հավասար օգտվելո՞ւ է ԵՏՄ հնարավորություններից, Սահակյանն այսպես պատասխանեց. «Եվրասիական տնտեսական միության գործառույթներից օգտվելու է Հայաստանը, իսկ Հայաստանն առանց Արցախի ոչ փորձում է որևէ տեղից օգուտ քաղել, ոչ էլ Արցախին վնասելու քայլերի է գնում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում