Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը նախագահ է ընտրել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի հոկտմբերի 10-ի նիտի օրակարգում ընդգրկված է եղել խորհրդի նախագահի ընտրության հարցը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժնից, խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվել է միայն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի թեկնածությունը, ով գաղտնի քվեարկությամբ ընտրվել է միաձայն:
«Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով` Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Ակադեմիայի կառավարման խորհուրդը: Վերոնշյալ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի կազմից, գաղտնի քվեարկությամբ: Խորհրդի նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով՝ դատախազ և դատավոր անդամների միջև ռոտացիոն սկզբունքով:
Մինչ այսօր Արդարադատության ակադեմիայի խորհուրդը նախագահում էր Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը:
Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը, Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Համլետ Ասատրյանը, ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, Արագածոտն մարզի դատախազ Հակոբ Մարտիրոսյանը, Երևան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանը: