Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բագրատաշեն-Սադախլո նոր կամուրջ կկառուցվի. Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները գոհ են հանդիպումից

Բագրատաշեն-Սադախլո նոր կամուրջ կկառուցվի. Հայաստանի եւ Վրաստանի 
վարչապետները գոհ են հանդիպումից

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական կապերի, կրթության, մշակութային, մարդասիրական ոլորտներում համագործակցությանը: Այս մասին օգոստոսի 21-ին Երեւանում հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Հատուկ ընդգծվեց հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի կարևորությունը, որը երկու երկրների առևտրատնեսական հարաբերությունների պահպանման և առավել խորացման լավագույն միջոցն է: Քննարկումներ եղան ենթակառուցվածքների զարգացման և տրանսպորտային կապի բարելավման հետ կապված հարցերի շուրջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ վարչապետը:

Նա տեղեկացրեց, որ քննարկումներ են եղել սահմանային անցակետերի արդիականացման շուրջ: «Մասնավորապես, պայմանավորվածություն ենք ձեռք բերել Բագրատաշեն-Սադախլո նոր կամուրջի շինարարության վերաբերյալ: Քննարկեցինք նաև անցած գիշեր Լարսում տեղի ունեցած սողանքի հետևանքների վերացման հետ կապված հարցեր: Ես իմ գործընկերոջն առաջարկեցի Հայաստանի համապատասխան ծառայությունների աջակցությունը»,- ասաց ՀՀ վարչապետը:

Երկուստեք կարևորվել են նաև պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման և վերականգման խնդիրները: «Ավարտելով խոսքս կարող եմ նշել, որ բանակցություններն ընթացան երկու երկրներին բնորոշ ջերմ և կառուցողական մթնոլորտում»,- եզրափակեց Աբրահամյանը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր հերթին շնորհակալություն հայտնեց հյուրընկալության և ջերմ ընդունելության համար և նշեց, որ ուրախ է Հայաստանում լինելու հնարավեր ստանալու համար: «Ինձ համար ուրախալի է լինել Հայաստանում, որի հետ մեզ կապում է բազմադարյա բարեկամությունը: Մենք բանակցությունների արդյունքում համաձայնության եկանք, որ պետք է ավելի խորացնենք Հայաստանի և Վրաստանի միջև առկա սերտ համագործակցությունը բոլոր ոլորտներում: Ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում մենք 42 տոկոսով ավելացրել ենք առևտրաշրջանառությունը, ինչը խոսում է այն մասին, որ մեր երկրների միջև տնտեսական կապերը զարգանում են, և մենք շարունակելու ենք խորացնել այդ հարաբերությունները»,- ասաց Ղարիբաշվիլին:

Նա ընդգծեց, որ քննարկումներ են եղել նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ: «Պետք է նշեմ, որ մենք ունենք դինամիկ աճ նաև զբոսաշրջության ոլորտում և համաձայնության ենք եկել, որ կխորացնենք հարաբերությունները նաև այս հարցում: Մենք նաև պայմանավորվել ենք Բագրատաշեն անցակետում նոր կամուրջի կառուցման վերաբերյալ: Եվ ես իմացա, որ մեր հայ գործընկերների կողմից առաջարկ կա այն կոչել «Բարեկամության կամուրջ»: Ես սիրով տվեցի իմ համաձանությունը: Մենք քննարկել ենք նաև մշակութային և մարդասիրական կապերի ամրապնդման հետ կապված հարցեր: Պարոն վարչապետն անդրադարձավ նաև երեկ գիշեր Վրաստանում տեղի ունեցած սողանքին, և մենք խոստանում ենք, որ երկու-երեք օրվա ընթացքում բացերը կլրացվեն և դեպի Հայաստան գազամատակարարումը կվերականգնվի»,- եզրափակեց Ղարիբաշվիլին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am