Տնտեսություն

«Անակնկալ ինժեներական լուծումների» երկիր. Հայաստանը 5 տարում կփորձի դառնալ տեխնոլոգիապես առաջատար պետություններից մեկը

3 րոպեի ընթերցում

«Անակնկալ ինժեներական լուծումների» երկիր. Հայաստանը 5 տարում կփորձի դառնալ տեխնոլոգիապես առաջատար պետություններից մեկը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը աշխարհի տեխնոլոգիապես առաջատար 20 երկրների շարքում ընդգրկելու համար Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ռազմավարություն է մշակել: Ռազմավարությամբ նախատեսվում է 2018 թվականին Հայաստանում ունենալ միջազգայնորոն մրցունակ բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը տեղեկացրեց, որ նպատակին հասնելու համար առաջընթացն ապահովվելու է 4 ռազմավարական ուղղություններով: «Առաջին ուղղությունը Հայաստանի բարձրտեխնոլոգիական ապրանքանիշի զարգացումն է: Հայաստանն աշխարհին կներկայանա որպես «Անակնկալ ինժեներական լուծումների» երկիր (Surprising Engineering ™), որտեղից հնարավոր կլինի ստանալ բարձր որակի, ստեղծագործականության և ադապտացիայի ունակության հիման վրա ստեղծված անակնկալ լուծումներ: Հայաստանում հաճախորդը կստանա ավելին, քան ցանկանում է»,- ասաց Վարդանյանը: Նրա խոսքով` երկրորդ ուղղությունը ձեռներեցության զարգացումն է, որով նախատեսվում է 2018թ-ին բարձր տեխնոլոգիական ըներությունների քանակը Հայաստանում հասցնել 1300-ի:

Ռազմավարություն մյուս երկու կետերը վերաբերում են ՏՏ ոլորտում կրթությանն ու պետություն-մասնավոր հատված հարաբերություններին: «Կրթության որակի բարձրացման ոլորտում նախատեսել ենք 4 գործիքներ: Առաջինը «Նաիրի« լաբորատորիան է, որի միջոցով 5-րդ դասարանից բարձր երեխաները կսովորեն ծրագրավորման գաղտնիքները: Լաբորատորիան ներառում է եռաչափ պրինտերներ, խառատի հաստոցներ, ինչպես նաև ռոբոտ պատրաստելու հնարավորություններ: Երկրորդը` հենց ռոբոտ-կենստրուկտորն է, որը բոլոր դպրոցներում պետք է լինի: Երրորդը «Ատելյե Լաբ» կոչվող կառուցվածքն է, որը թույլ է տալիս քանդելով հին համակարգիչները` ստանալ նոր բաներ, սովորելով շփվել էլեկտրոնկայի հետ: Չորրորդ գործիքը «Լայվ Կոդ» կոչեցյալն է, որը թույլ է տալիս, որ երիտասարդները ծրագրավորեն թե' «Անդրոիդ», և թե iOS համակարգում: Այս գործիքների շնորհիվ հաջորդ սերունդները լինելու են Surprising Engineering-ի կրողները»,- ընդգծեց Վարդանյանը:

ԻՏՁՄ գործադիր տնօրենը մանրամասնեց նաև ռազմավարության 4-րդ կետը, որով նախատեսվում է Կառավարության հետ համագործակցություն: «ԻՏՁՄ-ն դառնալու է Հայաստանի կառավարության ամենաանհանգստացնող քննադատը և ամենավստահելի գործընկերը»,- ասաց նա:

ԻՏՁՄ նոր ռազմավարության մշակման որոշումը կայացվել է դեռևս փետրվար ամսին: Փաստաթղթի հիմնադրույթները մշակվել են ԻՏՁՄ աշխատակազմի և միության անդամ ընկերությունների ղեկավարների կողմից:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում