Մշակույթ

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը հատեց եզրագիծը

2 րոպեի ընթերցում

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը հատեց եզրագիծը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմմոնո» միջազգային 12-րդ թատերական փառատոնն ավարտվեց հաջողությամբ: Կազմակերպիչները գոհ են փառատոնի արդյունքներից: Ապրիլի 25–29-ը հայ թատերասերների դատին հանձնվեցին 17 ներկայացում, որոնցից յուրաքանչյուրի միջոցով ակնդիրը յուրովի և նորովի բացահայտեց թատերական աշխարհը:

«Եթե կան տարբեր կարծիքներ այս կամ այն ներկայացման վերաբերյալ, ապա նշանակում է, որ փառատոնը կայացավ: Նույնիսկ վեճերի ժամանակ ստեղծվում է իրականություն և արվեստ: Մեր դերասաններն ստացան հրավերներ այլ փառատոններից: Հուսանք, որ այն, ինչ ծրագրել ենք, կկայանա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:

Մխիթարյանն ընդգծեց, որ տարվա ընթացքում սպասվում են շատ պրեմիերաներ, որոնց կաջակցի նաև «Արմմոնո» փառատոնը: «Բոլոր ներկայացումները կայացան, հետաքրքիր էին: Մեր թիմն աշխատեց ներկայացնել մոնոներկայացումների տարբեր ժանրերը: Ցուցադրվեցին պլաստիկ, Stand Up-ային, շարժման և խոսքի համադրություններ պարունակող, դասական ներկայացումներ»,-հավելեց Մարիաննա Մխիթարյանը` նշելով, որ արտասահմանցի հյուրերը զարմացել էին ներկայացումների մեծ թվով:

Լիտվացի բեմադրիչ Սաուլիս Վառնասը շնորհավորեց նման փառատոնի կապակցությամբ: «Հատկանշական է, որ տարբեր երկրներից Հայաստան էին եկել տարբեր թատերախմբեր, և այսքան շատ դերասաններ կային Հայաստանից: Այնքան էլ հեշտ չէ նման փառատոն կազմակերպելը: Հատկանշական է, որ շատ ներկայացումներ կային մանավանդ Հայաստանից, որոնցից շատերը կներկայացվեն նաև արտասահմանում: Սա կարծես պատուհան է դեպի այլ փառատոններ»,-նշեց լիտվացի բեմադրիչը:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` Հայաստանի թատերական գործիչների միությունն ապրիլի 25–29-ը Երևանում անցկացրեց մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 12-րդ ամենամյա փառատոնը: Փառատոնի շրջանակում ցուցադրվեցտասնյոթ ներկայացում(Մեծ Բրիտանիա, Լեհաստան, Լիտվա, Ռուսաստան, Հայաստան):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում