Հայկական դիվանագիտությունը կրկնակի հաղթանակ տարավ Մաքսային միությանը միանալու որոշումով. Անդրանիկ Միհրանյան
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաքսային միությանը միանալու որոշումով հայկական դիվանագիտությունը կրկնակի հաղթանակ տարավ` և' ռուսական ուղղությամբ զարգացումը շարունակեց, և եվրոպական ուղղությամբ բաց թողեց այնպիսի դուռ, որը նպաստի Եվրոպայի հետ մերձեցմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ, Ժողովրդավարության եւ համագործակցության ինստիտուտի նյույորքյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Միհրանյանը` Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների ու դասախոսների հետ հանդիպման ժամանակ: «Հայկական դիվանագիտությունը փորձում է այնպիսի ճկուն քաղաքականություն վարել, որն ինձ հիշեցնում է Ղրղզստանի նախագահի հետ իմ մտերմիկ զրույցը, երբ նա ասաց, որ փոքրիկ երկրները պետք է փորձեն շատ զգույշ լինել, որ մեծ մոլորակների` Չինաստանի, Ամերիկայի, Եվոպային ոտքի տակ չընկնեն: Վերջին տարիների ընթացքում` սկսած Թուրքիայի հետ արձանագրություններից, վերջացրած Մաքսային միությանը միանալու որոշմամբ, Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունքը հաղթանակներն են»,- ասաց Անդրանիկ Միհրանյանը:
Նրա խոսքով` Մաքսային միությանը միանալու որոշումը պատահական չէր, քանի որ Հայաստանը աշխարհաքաղաքական այնպիսի տարածքում է գտնվում, որտեղ տնտեսական և անվտանգության հարցերը չեն կարող տարբեր կողմնորոշման լինել: «Մենք գիտենք, թե Հայաստանը որտեղ է գտվում և ովքեր են նրա հարևանները. մենք նախանձելի հարևաններ չունենք: Մենք առաջին հերթին պետք է ելնենք մեր գոյապահպանության և անվտանգության շահերից, պետք է հասկանանք, թե ովքեր են մեր իրական բարեկամները: Լինելով մի համակարգի մեջ անվտանգության առումով` չենք կարող այլ համակարգում լինել տնտեսական առումով»,-ընդգծեց նա:
Անդրանիկ Միհրանյանի հավաստմամբ` ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, այն սկզբունքը, ըստ որի, մեկի շահը բերում է մյուսի կորուստներին, այժմ փոխվել է, և այսօր այնպիսի հնարավորություններ են ստեղծվել, որ երկիրը կարող է տարբեր կոալիցիաներում հանդես գալ ու պաշտպանել սեփական երկրի շահերը: «Ճկուն քաղաքականություն վարելու միջոցով կարելի է միշտ հաղթել կամ գոնե կորուստներ չունենալ»,- նշեց քաղաքագետը` հավելելով, որ պետք է ճիշտ ժամանակին ճիշտ կառույցների մեջ լինել` հաշվի առնելով Հայաստանի ինչպես անվտանգության հարցերը, այնպես էլ տնտեսական, մշակութային, սոցիալական ոլորտներիի շահերը:
Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նպատակադրումը եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացների հետագա զարգացման ուղղությամբ: Այդ համատեքստում Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու մասին, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ: Վլադիմիր Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության այդ որոշմանը և հայտնել այդ գործընթացին համակողմանիորեն աջակցելու՝ ռուսական կողմի պատրաստակամությունը: