Ուկրաինան «Օսկար»-ի է առաջադրել «Փարաջանով» ֆիլմը
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրել է «Փարաջանով» ֆիլմը Ամերիկյան կինոակադեմիայի 2013 թվականի «Օսկար» մրցանակի համար: Ֆիլմի գլխավոր դերակատար եւ պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը Փարիզից «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ աշխարհահռչակ կինոռեժիսորի մասին պատմող իր եւ Ելենա Ֆետիսովայի ֆիլմ մրցանակաբաշխության է ներկայացրել ուկրաինական հանձնաժողովը:
«Օսկրար»-ի մրցանակի հավակնորդների կարճ ցանկում հայտնվելու համար պայքարելու են եւս երկու ուկրաինական կինոժապավեններ` Կիրա Մուրատովայի «Հավերժ վերադարձ» եւ Ախտեմա Սեյնթաբլայեւայի «Հայթարմա» ֆիլմերը:
Օդեսայի 4-րդ կինոփառատոնում «Փարաջանով» գեղարվեստական ֆիլմը ճանաչվել էր լավագույն լիամետրաժ ֆիլմ եւ ստացել «Զոլոտոյ Դյուկ» մրցանակը: Մասնագիտական ժյուրիի դրական գնահատականից բացի, այն արժանացել էր նաեւ հանրության հավանությանը:
Կինոժապավենի համաշխարհային պրեմիերան A խմբի փառատոնների շարքում «East of the West» մրցութային ծրագրի շրջանակում կայացել է այս տարվա հուլիսին Կարլովի Վարի փառատոնում: Այժմ «Փարաջանովը» ներկայացված է Բաթումի 8 –րդ միջազգային կինոփառատոնի «Գեղարվեստական ֆիլմերի միջազգային մրցույթ» ծրագրում, ինչպես նաեւ կպայքարի կինոքննադատների մրցանակի համար` Համբուրգի փառատոնում:
«Փարաջանով» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը հայ հանդիսատեսի դատին առաջին անգամ ներկայացվեց այս տարվա հուլիսին «Մոսկվա» կինոթատրոնում` հոբելյանական «Ոսկե ծիրան» փառատոնը փակելով հատուկ ցուցադրմամբ, որն անտարբեր չթողեց հանդիսատեսին, դահլիճը հոտնկայս ծափահարում էր Ավետիքյանին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում