Տնտեսություն

Հայաստանի բնակչությունը դրական է վերաբերվում Մաքսային Միությանն անդամակցությանը. GALLUP International association

3 րոպեի ընթերցում

Հայաստանի բնակչությունը դրական է վերաբերվում Մաքսային Միությանն անդամակցությանը. GALLUP International association

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բնակչությունը դրական է վերաբերվում Մաքսային միությանը մեր հանրապետության հնարավոր անդամակցությանը:

Այս մասին հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց GALLUP International association ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով 2012թ.-ին «Եվրասիական զարգացման բանկ»-ի պատվերով նախկին Խորհրդային Միության երկրներում իրականացված հարցման արդյունքները: «Հայաստանում հարցվածների 61 տոկոսը դրական է վերաբերվել Մաքսային Միությանը մեր երկրի հնարավոր անդամակցությանը: Հարցվածների 26 տոկոսը նշել է, որ իրեն այդ հարցը չի հետաքրքրում, իսկ 4 տոկոսը բացասական վերաբերմունք է արտահայտել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա: Նա նշեց, որ Վրաստանում եւ Ադրբեջանում հարցվածների մոտ 30 տոկոսն է դրական վերաբերվել Մաքսային Միությանն անդամակցությանը:

Նավասարդյանը տեղեկացրեց, որ հարցվողները պատասխանել են հիմնականում հետեւյալ հարցերին՝ «Ո՞ր երկրի ապրանքներն եք ցանկանում գնել», «Ո՞րտեղ եք ցանկանում ապրել», «Ո՞ր երկրներին կցանկանայիք որպես ներդրող տեսնել Հայաստանում», «Ո՞ր երկրում եք ցանկանում կրթություն ստանալ», «Ո՞ր երկրին եք բարեկամ կամ թշնամի համարում» եւ այլն:

Հայաստանում հարցվածների 28 տոկոսը նշել է, որ ավելի շատ նախընտրում է նախկին ԽՍՀՄ անդամ երկրների ապրանքները: «Ընդ որում, այստեղ հարցվածների գերակշիռ մասը նախապատվությունը տվել է Ռուսաստանին»,- ասաց Նավասարդյանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ հարցվածների 36 տոկոսը ցանկություն է հայտնել, որպեսզի Հայաստանում ավելի շատ ներդրումներ կատարեն եվրոպական երկրները, 41 տոկոսը՝ նախկին ԽՍՀՄ անդամ երկրները:

Հայաստանում հարցվածների 90 տոկոսը նշել է, որ մեր բարեկամ երկիրը Ռուսաստանն է, իսկ որպես թշնամի երկիր գերակշռող մեծամասնության՝ 94 տոկոսի կողմից, համարվել է Ադրբեջանը: Հարցվածների 88 տոկոսը որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից նշել է Ռուսաստանը: «Համեմատության համար պետք է նշեմ, որ Վրաստանում հարցվածների 78 տոկոսը վտանգ է զգացել Ռուսաստանից»,- ասաց Նավասարդյանը:

Հարցմանը մասնակցած հայաստանցիների 41 տոկոսը կրթության հարցում նախապատվությունը տվել է Եվրոպական երկրներին: Ռուսաստանում կրթություն ստանալու ցանկություն է հայտնել հարցվածների ընդամենը 18 տոկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում