Մշակույթ

Հայ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործություններն ամփոփվել են արցախցի երգիչ Սար Սարգսյանի «Կարոտ» ձայնասկավառակում

2 րոպեի ընթերցում

Հայ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործություններն ամփոփվել են արցախցի երգիչ Սար Սարգսյանի «Կարոտ» ձայնասկավառակում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախցի երգիչ Սար Սարգսյանի «Կարոտ» ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի կունենա մարտի 19-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` երգիչը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է, որ «Կարոտ»-ն իր առաջին ձայնասկավառակն է: Այն թողարկվել է Մոսկվայում՝ «Դի Վի Դի Կլուբ» ընկերությունում: Երգերը ձայնագրվել են Երեւանում՝ ձայնագրման ռեժիսոր եւ համադրողը՝ Միքայել Մարգարյանն է: Գործիքավորումն իրականացրել է Ալյա Մաղաքյանը եւ Արմեն Սարգսյանը:

Ձայնասկավառակում տեղ են գտել հայ մեծանուն կոմպոզիտորների (Ռ. Մելիքյան, Է. Աբրահամյան, Ա. Բաբաջանյան, Ռ. Պետրոսյան, Վ. Կոտոյան, Ա. Սաթյան, Գ. Արմենյան, Ա. Հեքիմյան, Կ. Օրբելյան, Գ. Չթչյան և Ռ. Ամիրխանյան) 12 ստեղծագործություններ` ռոմանսներ, որոնք ներկայացվում են ժամանակակից գործիքավորմամբ եւ երգչի յուրօրինակ մեկնաբանությամբ:

Ձայնասկավառակի շնորհանդեսներ կկայանան նաեւ Ստեփանակերտում, Թբիլիսիում, Մոկվայում եւ Սանկտ Պետերբուրգում:

Սար Սարգսյանը ծնվել է Արցախի Հադրութ քաղաքում: Նախնական երաժշտական կրթությունը ստացել է ծննդավայրի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում: 2002 թվականին ավարտել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը` Սվետլանա Աղաջանյանի դասարանը: 2007 թվականին ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի վոկալ բաժինը` պրոֆեսոր Սվետլանա Կոլոսարյանի դասարանը, իսկ 2008 թվականին՝ պետկոնսերվատորիայի ասպիրանտուրան (ղեկավար` Ս. Կոլոսարյան):

«Ռուսաստանի սիրված երգեր» ռուսական երգի հանրապետական երկրորդ մրցույթ-փառատոնի դափնեկիր է։ Արժանացել է ՀՀ Սփյուռքի նախարարության հավաստագրին՝ «Իմ Հայաստան» փառատոնին մասնակցելու համար:

Մասնակցել է մի շարք համերգների եւ ունեցել մենահամերգներ Արցախում, Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Բուլղարիայում, ԱՄՆ-ում և Չինաստանում:

Ակադեմիական ելույթներին զուգահեռ համերգային գործունեություն է ծավալում նաեւ էստրադային ժանրում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում