Հասարակական

«Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից» ծրագիրը միտված է Հարավային Կովկասի երկրներում ժողովրդավարության զարգացմանը

4 րոպեի ընթերցում

«Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից» ծրագիրը միտված է Հարավային Կովկասի երկրներում ժողովրդավարության զարգացմանը

ԾԱՂԿԱՁՈՐ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության Հարավային Կովկասի երիտասարդական խորհրդարանի երրորդ գումարման բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 5-ին, Ծաղկաձորում: Այնկազմակերպվել է Եվրոպական միության օժանդակությամբ իրականացվող «Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից» ծրագրի շրջանակում:«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ այս ծրագիրը Հարավային Կովկասի երիտասարդ սերնդին հնարավորություն է տալիս ժողովրդավարությանը ծանոթանալ ոչ թե գրքերից, այլ սեփական փորձով ու մասնակցությամբ:

«Ձեզանից սկսվում է ոչ միայն ժողովրդավարությունը, այլ նաեւ հայրենասիրությունը: 21-րդ դարում կարելի է հավասարության նշան դնել հայրենասիրության եւ ժողովրդավարության միջեւ, քանի որ առանց ժողովրդավարության չի կարող լինել ուժեղ պետություն»,- ծրագրի մասնակիցներին ուղղված խոսքում ասաց Աշոտյանը: Նա կարեւորեց ծրագրին Հայաստանի մասնակցությունը՝ նշելով, որ մեր երկրիը վստահ քայլերով շարժվում է դեպի ժողովրդավարություն, եւ այս ծրագիրը դրա երաշխիքներից է: Նախարար Աշոտյանը նշեց, որ Հայաստանը մինչեւ վերջ այս ծրագրի կողքին եւ դրան մասնակից կլինի:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան նշեց, որ Եվրոպական միությունը ողջունում է այս ծրագիրը եւ մինչեւ վերջ պատրաստ է օժանդակել բոլոր առումներով: «Ժողովրդավարությունն առաջին հերթին ուժեղ պետության երաշխիքն է, իսկ այս ծրագիրը Հարավային Կովկասի երկրներում ժողովրդավարության զարգացմանը միտված ծրագիր է, իսկ նման միջոցառումները միշտ խրախուսվում են Եվրամիության կողմից»,-ասաց նա՝ հաջողություն մաղթելով ծրագրի մասնակիցներին:

Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանի խոսքով` «Ժողովրդավարությունը սկսվում է քեզնից» ծրագիրը նպատակ ունի խթանել Հարավային Կովկասի ազգային փոքրամասնությունների եւ գյուղական շրջանների երիտասարդների մասնակցությունը քաղաքացիական կյանքին: Այս նպատակին հասնելու համար նախ վերապատրաստվում են ուսուցիչները` թե քաղաքացիական կրթության ժամանակակից մեթոդաբանությամբ ինչպես է պետք ժողովրդավարություն դասավանդել, ինչից հետո նրանց հնարավորություն է տրվում ձեռք բերված գիտելիքները կիրառել աշակերտների հետ անցկացվող եռափուլ սիմուլյացիոն խաղերում: «Մասնակից 60 հանրակրթական դպրոցների 5400 տասնմեկերորդ դասարանի աշակերտներ սովորում են, թե ինչպես է հնարավոր քաղաքական գործընթացների ժամանակ հանգիստ ու խաղաղ ձեւով հավասարակշռել խմբային շահերը»,-ասաց նա՝ հավելելով, որ ծրագիրը Հարավային Կովկասի երկրներում ժողովրդավարության զարգացման նոր նախադրյալներ կստեղծի:

Ծրագիրը, որն ընդգրկում է Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը, իրականացնում են գերմանական «Կոնրադ Ադենաուեր», հոլանդական «Էդուարդո Ֆրեյ» հիմնադրամները, Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը, Քաղաքական դասընթացների թբիլիսյան դպրոցը եւ քաղաքական դասընթացների Բաքվի դպրոցը: Ծրագրի բյուջեն կազմում է 1,88 միլիոն եվրո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում