Տնտեսություն

Իրաքն ու Հայաստանը կքննարկեն նավթագազային ոլորտում փոխշահավետ ծրագրերի իրականացումը

3 րոպեի ընթերցում

Իրաքն ու Հայաստանը կքննարկեն նավթագազային ոլորտում փոխշահավետ ծրագրերի իրականացումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանը նոյեմբերի 7-ին Բաղդադում մի շարք հանդիպումներ է ունեցել, որոնց օրակարգում երկկողմ համագործակցության խորացման հարցերն էին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից,Իրաքի երկաթգծերի տնօրինության ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են հաղորդակցության ոլորտում փոխգործակցության հնարավորությունները: Իրաքցի պաշտոնյաները տեղեկություններ են ներկայացրել երկրում երկաթգծի համակարգի վիճակի, զարգացման հեռանկարային ծրագրերի մասին:

Գեւորգյանն իր հերթին անդրադարձել է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրին` նկատելով, որ այն էապես նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում բեռնափոխադրումների առումով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական մակարդակով երկկողմ քննարկումների կազմակերպման վերաբերյալ, որոնց ընթացքում ոլորտում փոխշահավետ գործակցության առաջարկություններ կձեւավորվեն եւ կներկայացվեն կողմերին:

ՀՀփոխվարչապետի մյուս հանդիպումը Իրաքի նավթի նախարար Աբդ ալ Քարիմ Լուայբիի հետ էր:Կողմերը քննարկել են էներգետիկայի եւ բնական պաշարների բնագավառում համագործակցության հարցեր: Երկուստեք կարեւորվել է միջկառավարական հանաձնաժողովի նիստի ընթացքում ձեռք բերված` ոլորտում համագործակցության ծրագրի մշակման վերաբերյալ պայմանավորվածությունը: Զրուցակիցներն ընդգծել են, որ առկա է գործակցության մեծ ներուժ թե էներգետիկայի, թե նավթագազային բնագավառում:

Գեւորգյանն անդրադարձել է Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերին, որոնք հնարավորություն են տալու Հայաստանին` առավել հզորացնել էներգիա մատակարարող երկրի իր կարողությունները:

Աբդ ալ Քարիմ Լուայբին Իրաքում էլեկտրակայանների արդիականացման, դրանց շինարարությունն ավարտին հասցնելու, շահագործման աշխատանքներում օգտակար է համարել հայ մասնագետների հմտությունների օգտագործումը` հաշվի առնելով էներգետիկայի վերականգնման ոլորտում հայկական կողմի փորձը:

Քննարկվել են նավթագազային արդյունահանման բնագավառում փոխգործակցության հարցեր, անդրադարձ է եղել նավթագազային արդյունահանման աշխատանքներին հայկական կողմի մասնակցության հնարավորությանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում համապատասխան աշխատանքային խմբերը կուսումնասիրեն հնարավորությունները` նավթագազային ոլորտում փոխշահավետ ծրագրերի իրականացման նպատակով: Մասնավորապես նշվել է գազի արտադրման եւ կուտակման կարողությունների ստեղծման մասին:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում