Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի թիվը Հայաստանում ավելացել է
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում մահացության հիմնական պատճառներից է ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրներում:
«Կրծքագեղձի քաղցկեղից մահացության դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներին, որտեղ կանանց մեծ մասն ախտորոշվում է հիվանդության ուշ փուլերում` ծառայությունների ցածր մատչելիության եւ կանանց վատ իրազեկվածության հետեւանքով»,- «Արմենպրես»-ին հաղորդմամբ փետրվարի 26-ին Ծաղկաձորում շարունակվող ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար վերարտադրողական առողջության պահպանման հարցերին նվիրված դասընթացի ընթացքում տեղեկացրեց ԱՄՆ ՄԶԳ ՀԱՀՀ ծրագրի մոր եւ մանկան վերարտադրողական առողջության հարցերով խորհրդատու Գոհար Փանաջյանը: Նրա խոսքով` կրծքագեղձի քաղցկեղը աշխարհում կանանց մոտ հանդիպող հիմնական` թոքի քաղցկեղից հետո ամենահաճախ հանդիպող տեսակն է:
Փանաջյանը շեշտեց, որ վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում դիտվում է կրծքագեղձի քաղցկեղի նոր դեպքերի ցուցանիշի աճ: Ուռուցքաբանության Ազգային կենտրոնի տվյալներով` կրծքագեղձի քաղցկեղը հայ կանանաց շրջանում ամեանահաճախ հանդիպող չարորակ նորագոյացությունն է:
«Քաղցկեղի վաղ հայտնաբերման մասին գիտությունը որեւէ ստույգ երաշխիք չունի, սակայն հստակ է, որ կանոնավոր ստուգումները կարող են դրական արդյունք արձանագրել, գոյացությունը հայտնաբերել վաղ փուլում եւ բուժել»,-պարզաբանեց խորհրդատուն: Նա վստահեցրեց, որ պարբերաբար այցելությունները բժշկին հնարավորություն է տալիս վաղ փուլում հայտնաբերել կրծքագեղձի ցանկացած նորագոյացություն` բուժման մեջ հաճախ հասնելով դրական արդյունքի` վերջնական ապաքինման:
Վիճակագրության համաձայն` 2 տարվա կտրվածքով մամոգրաֆիկ հետազոտություն անցած կանանց թիվը Հայաստանում ավելացել է: Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության չափորոշչի` տարեկան մեկ անգամ իրականացվում է կանանց գինեկոլոգիական համալիր քննություն, այդ թվում` կրծքագեղձերի կլինիկական հետազոտության իրականացում առողջության առաջնային պահպանման օղակի` մանկաբարձ-գինեկոլոգի, ընտանեկան բժիշկի կողմից:
Նախկին ԽՍՀՄ երկրների շարքում ԿՔ նոր դեպքերի ցուցանիշի առումով Հայաստանը գտնվում է 8-րդ տեղում: Քաղցկեղի ամերիկյան ասոցիացիայի տվյալների համաձայն` յուրաքանչյուր տարի աշխարհում մոտ 1.3 միլիոն կնոջ մոտ ախտորոշվում է կրծքագեղձի քաղցկեղ, մահացության դեպքերը շուրջ 465 հազար է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում