Իրավունք

Հայկ Գեւորգյանի խափանման միջոցը փոխվել է

2 րոպեի ընթերցում

Հայկ Գեւորգյանի խափանման միջոցը փոխվել է

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը առաջարկել է փոխել Հայկ Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը եւ ազատել կալանքից: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը,Հայկ Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ Գեւորգյանը մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ, նախկինում դատապարտված չի եղել, ունի մշտական բնակության վայր: Այդ դեպքում բացակայում է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:

Որոշման պատճենն ուղարկվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին՝ Գեւորգյանին հանձնելու համար:

ՀՀ ոստիկանության տվյալներով`հունվարի 13-ին` ժամը 17.30-ի սահմաններում, Երեւանի Մհեր Մկրտչյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց ՎԱԶ-21214 մակնիշի 19 ՕԼ 158 պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Աշոտ Ֆրանգուլյանին, որը մարմնական վնասվածքներ է ստացել, իսկ վարորդը` Հայկ Գեւորգյանը, դեպքի վայրից դիմել է փախուստի:

Հայկ Գևորգյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 242 հոդվածի 1-ին մասի' «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս» և 244-րդ հոդվածի «Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող և ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից» հատկանիշներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում