Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երեւանի Ավան վարչական շրջանում բացվեց «Նարեկ» հուշարձանը

Երեւանի Ավան վարչական շրջանում բացվեց «Նարեկ» հուշարձանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասում այսօր մեծ հանդիսավորությամբ բացվեց «Նարեկ» հուշարձանը: Արարողությանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, այլ պաշտոնատար անձինք:

Ինչպես նշեց քանդակի հեղինակ Համլետ Մատինյանը, Ավանում ավանդույթ կա, որ թաղամասերը կոչվում են հայ մշակութային խոշոր գործիչների անուններով եւ ունենում իրենց պուրակները: Նրա խոսքով, տարածքը նախկինում անմխիթար վիճակում է եղել, եւ Ավանի նախկին թաղապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ձեռնամուխ են եղել պուրակի եւ քանդակի ստեղծմանը: Հուշակոթողը, որը պատրաստված է Իջեւանի կարմիր բազալտից, իրենից ներկայացնում է Գրիգոր Նարեկացու «Նարեկ» գիրքը, որի վրա զետեղված են նաեւ հատվածներ ստեղծագործությունից:

«Ես առաջարկեցի քանդակել «Նարեկ»-ը, քանի որ կարեւոր է ոչ թե մարդը, այլ իր արած գործը: Ավելի լավ է մարդու գործը փառաբանենք, քան այդ մարդուն քանդակենք: «Նարեկ»-ը ոչ միայն քրիստոնյա ժողովրդի համար է սուրբ գիրք համարվում. այն նաեւ գեղարվեստական մեծ արժեք ունի: Գ. Նարեկացին հանճարեղ գրող է: Եթե այցելուների մոտ գոնե մի տող էլ մնա ստեղծագործության հատվածներից, ես կհասկանամ, որ ինչ-որ մի բան արել եմ»,- ընդգծեց հեղինակը: Նա նշեց, որ արձանի վրա աշխատել է վեց ամիս, սակայն առավոտից մինչ ուշ երեկո:

««Նարեկ»-ը միշտ ինձ հետ է եղել, քանի որ նույնիսկ անձրեւի տակ էի աշխատում եւ ինձ շատ առողջ էի զգում, իսկ հիմա, երբ ավարտել եմ, մի քիչ թույլ եմ»,- ասաց Հ. Մատինյանը: Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի խոսքով, վարչական շրջանում բակային բարեկարգման աշխատանքներում մի սկզբունք է որդեգրվել արդեն շուրջ 5 տարի. ապօրինի զբաղեցրած հողամասերի եւ ավտոտնակների տեղում նման պուրակների կառուցումը: «Այս սկզբունքը որդեգրել էր Տարոն Մարգարյանը, եւ ես վստահ եմ, որ այն կգործի ամբողջ քաղաքում. այս այգին դրա վառ օրինակներից մեկն է»,-ընդգծեց Մ. Ջավադյանը` հավելելով, որ հուշարձանի տեղում եղել են ապօրինի զբաղեցրած հողամասեր եւ ավտոտնակներ, եւ բնակիչներից շատերը հոժարակամ զիջել են դրանք: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր բնակիչներին, քանդակագործին եւ այն մարդկանց, ովքեր աջակցություն են ցուցաբերել:

Ի դեպ, հուշակոթողը ստեղծվել է Երեւանի քաղաքապետարանի, քաղաքապետի առաջին տեղակալ Տ. Մարգարյանի եւ ՀՀ ԱԺ պատգարավոր Ռուբեն Հայրապետյանի աջակցությամբ: Արձանի բացումն ազդարարվեց քանդակագործի եւ Տ. Մարգարյանի կողմից կարմիր ժապավենի արձակմամբ: Հուշակոթողն օծվեց Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Հարություն քահանա Ավագյանի ձեռամբ: Հ. Մատինյանը ՀՀ նախագահին նվիրեց բրոնզաձույլ քանդակ` գրքի տեսքով: Միջոցառումն ուղեկցվեց երաժշտական եւ պարային կատարումներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]