Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ըստ Մահայա Պետրոսյանի` իրանական ֆիլմերը զուրկ են գռեհկությունից


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» 7-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթի շրջանակներում այս տարի ներկայացված է նաեւ Մահայա Պետրոսյանի եւ Ամիր Թուդե Ռուսթայի համատեղ ֆիլմը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց փառատոնի ծրագրերի տնօրեն Միաքայել Ստամբոլցյանը, նա շատ ուրախ է, որ այս տարի մրցույթին մասնակցում են ինչպես նոր անուններ, այնպես էլ փառատոնի հին բարեկամները: «Այս տարի «Հայկական համայնապատկեր»-ում ներկայացված է նաեւ իրանահայ ռեժիսորի ֆիլմ, որի համար մենք իսկապես շատ ուրախ ենք, քանի որ պարսկական ֆիլմերը հիմա պասիվ փուլում են գտնվում»,- ասաց Միքայել Ստամբոլցյանը:

 

Ինչպես նշեց Մահայա Պետրոսյանը, ուրախ է, որ ինքը կրկին Հայաստանում է եւ իր ֆիլմը ներկայացնում է իր նախնիների հայրենիքում: «Ես եւ Ամիր Թուդե Ռուսթան համատեղ ներկայանում ենք 32 րոպեանոց «Մի գեղեցիկ, ձյունոտ օր» ֆիլմով, որն իր անդրանիկ ռեժիսորական աշխատանքն է: Ֆիլմը պատմում է մի կնոջ եւ իր որդու համար վճռորոշ մեկ օրվա մասին, երբ մայրը ստիպված է վռորոշ որոշում կայացնել»,- ասաց Մահայա Պետրոսյանը: Նրա խոսքով` թեեւ Իրանում մշակութային գործունեությամբ զբաղվող կանայք քիչ են, սակայն վերջին տարիներին արդեն մեծ ակտիվություն է նկատվում: «Շատ երիտասարդ կանայք հաճույքով են զբաղվում մշակութային գործունեությամբ, եւ հիմա համապատասխան բուհեր ընդունվողների 60 տոկոսը աղջիկներ են»,- ասաց նա` ավելացնելով, որ եթե որեւէ երկրում կան նման գենդերային սահմանափակումներ, ապա կանայք պետք է անպայմանորեն պայքարեն:

 

Մահայա Պետրոսյանի խոսքով` Իրանում կան հստակ տաբուներ, որոնք ռեժիսորներն աշխատում են շրջանցել: «Իրանական ֆիլմերը հիմնականում համաշխարհային կինոյի մեջ հայտնի են` որպես բանաստեղծական ֆիլմեր: Մենք աշխատում ենք մեր ֆիլմերում հեռու մնալ պոռնոգրաֆիայից, գռեհկություններից եւ հենց դրանով ենք գրավում համաշխարհային կինոարվեստը»,- ասաց նա` ավելացնելով, որ իրանական ֆիլմը հենց իրենով եկել է ցույց տալու նոր տիպի ասելիք: Մահայա Պետրոսյանը պատմեց, թե ինչպես մի անգամ մի պատմվածք կարդալուց հետո այնքան է տպավորվել, որ որոշել է նկարահանել ֆիլմ` այդ ստեղծագործության հիման վրա:

 

«Նախ ես այնքան էի տպավորվել, որ ցանկացա գրել ֆիլմի սցենարը, ֆիլմում հանդես գալ որպես գլխավոր դերակատար, իսկ ռեժիսորական աշխատանքը պետք է կատարեր մեկ ուրիշը, սակայն այնպես ստացվեց, որ ես գրեցի ե’ւ սցենարը, ե’ւ հանդես եկա գլխավոր դերակատարի դերում, իսկ ռեժիսորական աշխատանքներում ինձ օգնության եկավ Ամիր Թուդե Ռուսթան»,- ասաց Մ. Պետրոսյանը: Նրա խոսքով` ֆիլմում պատմվածքը ներկայացվել է իր ճաշակով եւ իր գույնն ու բույրն է ձեռք բերել: Ամիր Թուդե Ռուսթան նշեց, որ ֆիլմը ստեղծվել է 1 տարի առաջ: «Ֆիլմի նկարահանման հետ կապված կային մի շարք խնդիրներ, հիմնականում եղանակն էր խոչընդոտում:

 

Մենք ցանկանում էինք, որ ֆիլմում ձյուն լիներ»,- ասաց նա` հույս հայտնելով, որ հայ հանդիսատեսը հավանել է ֆիլմը: Նշենք, որ Մահայա Պետրոսյանը ժամանակակից իրանական կինոյի ճանաչված դերասանուհիներից է, իսկ «Մի գեղեցիկ, ձյունոտ օր» ֆիլմը նրա անդրանիկ ռեժիսորական աշխատանքն է: Ամիր Թուդե Ռուսթան մասնագիտական գործունեությունը` որպես ռեժիսոր, սկսել է 1997 թ-ին եւ այդ ժամակից ի վեր նկարահանել է ավելի քան 12 կարճամետրաժ եւ 3 վավերագրական ֆիլմ: Նրա աշխատանքները մրցանակների են արժանացել տարբեր միջազգային կինոփառատոներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]