Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Օգոստոս

Տիգրան Մեծի 2150-ամյակը կնշվի մի շարք միջոցառումներով

Տիգրան Մեծի 2150-ամյակը կնշվի մի շարք միջոցառումներով

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի լրանում է հայոց մեծ թագավոր Տիգրան Երկրորդի (Մեծ) ծննդյան 2150 եւ գահակալության 2105-ամյակը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Երեւանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Մովսիսյանը, այդ կապակցությամբ նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ:

 

ԵՊՀ-ում մայիսին արդեն անցկացվել է եռօրյա գիտաժողով եւ Տիգրան Մեծի մասին պատմող ֆիլմերի ցուցադրություն: Օգոստոսին նախատեսվում է Նիկողայոս Ադոնցի «Տիգրան Մեծ» գրքի շնորհանդեսը, որին աջակցում է «Սերունդ» հասարակական կազմակերպությունը: Օգոստոսի 11-ին` Նավասարդի օրը, ուխտագնացություն կկազմակերպվի Արցախից դեպի Երեւան: Միջոռացումները կշարունակնվեն մինչեւ ընթացիկ տարվա վերջը:

 

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից անցկացվող երիտասարդ պատմաբանների համաժողովն այս տարի նվիրված կլինի հայոց մեծ թագավորի ծննդյան տարեդարձին: ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտը նույնպես կկազմակերպի Տիգրան Մեծի հոբելյանին նվիրված համաժողով: Ա. Մովսիսյանը նշեց, որ հայ մեծ թագավորի ծննդյան տարեդարձը պետականորեն նշելու առաջարկով դիմել էին ՀՀ կառավարություն, որից ստացված պատասխանի համաձայն`հոբելյանը պետք է ընդգրկվեր ՀՀ մշակույթի նախարարության 2010թ-ի հոբելյանական միջոցառումների շարքում, սակայն դա չի արվել:

 

Նրա խոսքով, ՀՀ կառավարություն էր ներկայացվել 15 առաջարկություն` դպրոցների համար թողարկել օրացույց, կազմակերպել գիտաժողովներ, հրատարակել գրքեր, ստեղծել ֆիլմեր, մուլտֆիլմեր, համակարգչային խաղեր: «Տիգրան Մեծ թագավորի ծննդյան տարեդարձը նշելը շատ կարեւոր է. նոր սերունդներին պետք է հաղթանակների ոգով դաստիարակել, ոչ թե միայն` ցեղասպանության ենթարկված ժողովրդի: Տիգրանը թագավոր էր, որի գլխավոր ուղեցույցը հայրենապաշտությունն էր»,- ընդգծեց պատմաբանը:

 

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Էդուարդ Դանիելյանը, անդրադառնալով Տիգրան Մեծի գործունեությանը եւ հայոց պատմության մեջ նրա թողած ավանդին, նշեց, որ մեծ արքայի գահակալության տարիները հայոց պատմության գագաթնակետն էին: Այդ դարաշրջանի վրա կա քաղաքակրթության կնիք: «Տիգրան Մեծը հենց այնպես նվաճումներ չէր իրականացնում, այլ կատարում էր քաղաքակրթական առաքելություն: Նրա դերն անգնահատելի է հայոց պատմության հետագա զարգացման գործում»,- շեշտեց Է. Դանիելյանը:

 

Ա. Մովսիսյանը նշեց, որ Հայաստանը պայծառ ապագա կերտելու համար պետք է ոժեղ լինի: «ՈՒժեղ լինելու համար եկող սերունդներին պետք է ճիշտ ոգով դաստիարակել: Դա պետք է արվի ոչ թե սերիալների եւ ռաբիս երգերի տեսահոլովակների միջոցով, այլ տիգրանյան ոգով»,- ասաց Ա. Մովսիսյանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]