Հուշ-ցերեկույթ` նվիրված արձակագիր Սասունիկ Թորոսյանի ծննդյան 65-ամյակին
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Հայաստանի ազգային գրադարանում այսօր կայացավ հուշ-ցերեկույթ` նվիրված արձակագիր Սասունիկ Թորոսյանի ծննդյան 65-ամյակին: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց ֆիլմ, որը նվիրված էր Սասունիկ Թորոսյանի կյանքին եւ գործունեությանը: Հուշ-ցերեկույթին ներկա էին արվեստագետներ, նրա բարեկամները, արվեստասեր հասարակությունը, այլք:
ՀՀ մշակույթի նախարարության գրահրատարակչական գործի գործակալության պետ, բանաստեղծ Էդուարդ Միլիտոնյանի խոսքով` կա ձեւավորված կարծրատիպ, որի համաձայն մահացածների մասին խոսում են անցյալ ժամանակով, սակայն այն կենսագրությունը, որ նրանք թողնում են, «ավելի հզոր ներկայություն է, քան ֆիզիկական չգոյությունը»: «Սասունիկ Թորոսյանը չոր ու ցամաք լեզվամտածողության մեջ ստեղծում էր այնպիսի գործեր, եւ տեքստը ինքնին այնքան խորություն ուներ, այնքան բազմաշերտ էր, որ ընթերցողը հիանում էր դրանցով»,- ասաց Էդուարդ Միլիտոնյանը` ավելացնելով, որ նա գալիս էր ապացուցելու` «գիրը կենդանի է»:
Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» ինստիտուտի տնօրեն, գրականագետ Հրաչյա Թամրազյանի խոսքով` նրա ստեղծագործությունը առասպելի վերծանման փորձ է, եւ նրա առաջին իսկ տողերից ծայր է առնում մի զարմանալի զրույց` մարդու ու բնության միջեւ: «Պարզ ու տաղտուկ առօրյան անգամ, ծայր առնելով նրա գրչից, ծորում է անշտապ, թեքում է ուղին ու ճյուղավորվում: Նրա պատումը խնամված ու հղկված է, իսկ ամեն բառ ու մանրուքի ցոլանքների մեջ բյուրեղանում է խոսքը»,- ասաց Հրաչյա Թամրազյանը:
Սասունիկ Թորոսյանի ծննդյան 65-ամյակի կապակցությամբ Ավստրիայից շնորհավորական ուղերձ էր հղել հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: «Առանց երկնչելու ճիշտ է ասել, որ Սասունիկ Թորոսյանը ազնվական հոգի էր` թե իր ստեղծած հրաշալի արժեքների մեջ, թե իր ամենօրյա կայնքում: Այն նյութերը, որ նա արծարծեց տասնամյակներ շարունակ հայրենապատումի շրջանակի մեջ մտան: Նա եզակիներից էր, որ մաքուր պահեց հայոց լեզուն` իրբրեւ ճշմարտություն ասելու փայլուն միջոց: Ամեն անգամ, երբ կարդում եմ նրա գրվածքները, ինձ հիացնում է իր գրչով, որը փաստագրական գրականությունը հասցրեց գեղարվեստական մակարդակի, իսկ գեղարվեստականին հաղորդեց հավաստիություն»,- մասնավորապես ասված էր Տիգրան Մանսուրյանի ուղարկած ուղերձում: