Փոխադարձության սկզբունքով` Հայաստան առանց վիզայի կարող է մուտք գործել երեսուն երկրի քաղաքացի
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանց վիզայի Հայաստան կարող է մուտք գործել երեսուն երկրի քաղաքացի. գործում է փոխադարձության սկզբունքը: ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից «Արմենպրեսե-ին տեղեկացրեցին, որ քսան երկրի (Արգենտինա, Բրազիլիա, Բուլղարիա, Չինաստան, Խորվաթիա, Կիպրոս, Հունգարիա, Հնդկաստան, Իրան, Լատվիա, Լիտվա, Մեքսիկա, Մոնտենեգրո, Լեհաստան, Ռումինիա, Սերբիա, Սինգապուր, Սլովակիա, Թուրքմենստան, Ուրուգվայ) քաղաքացիների թույլատրվում է առանց վիզայի մուտք գործել միայն դիվանագիտական, պաշտոնական կամ ծառայողական անձնագրերով: Տասը երկրի (Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Ուկրաինա, Ուզբեկստան) քաղաքացի կարող է այցելել Հայաստան բոլոր տեսակի անձնագրերով: Ադրբեջանի եւ Սինգապուրի դեպքում մուտքի արտոնագրի տրամադրման կարգը գործում է հատուկ (ad hoc) դեպքերում եւ հիմնված չէ որեւէ երկկողմ համաձայնության վրա: Այլ ազգային անձնագրեր եւ փաստաթղթեր ունեցող անձինք, ներառյալ` ՄԱԿ-ի «Laissez-passerե, պետք է ստանան ՀՀ մուտքի արտոնագիր: Սփյուռքահայերը ՀՀ մուտքի արտոնագիր ստանալու համար դիմում են ընդհանուր կարգով, սակայն նրանց համար նախատեսված է ՀՀ կացության հատուկ կարգավիճակ, որը շնորհվում է ՀՀ նախագահի կարգադրությամբ: Կացության կարգավիճակի անձնագիրը տրվում է 10 տարի ժամկետով, հետագա երկարաձգման հեռանկարով: Դրանով սփյուռքահայերը կարող են առանց ՀՀ մուտքի արտոնագիր ստանալու մուտք գործել Հայաստան: Ի դեպ, Ցեղասպանություն վերապրածներին այս կարգավիճակը շնորհվում է անվճար: Ըստ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության` այն պետությունների քաղաքացիները, որոնց հետ Հայաստանն աշխատում է ոչ վիզային համակարգով, հանրապետությունում առանց մուտքի արտոնագրի կարող են բնակվել մինչեւ 90 օր մեկ տարվա ընթացքում, որից հետո նրանք պարտավոր են կամ հեռանալ երկրից, կամ դիմել անձնագրերի եւ վիզաների վարչություն` ստանալու բնակության իրավունք: Այն անձինք, ովքեր Հայաստանում ունեն ՀՀ քաղաքացի հանդիսացող հայր, մայր, կին, ամուսին, զավակ, ազատվում են ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու համար պետական տուրքերից` բացառությամբ կացության հատուկ կարգավիճակից: