Հասարակական

Աղետի գոտում ենթակառուցվածքների խոշոր վնասվածքներ այլևս չունենք, մեծ մասը վերականգնված է. ՏԿԵ նախարար

6 րոպեի ընթերցում

Աղետի գոտում ենթակառուցվածքների խոշոր վնասվածքներ այլևս չունենք, մեծ մասը վերականգնված է. ՏԿԵ նախարար

ԱԼԱՎԵՐԴԻ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մամլո ասուլիսի ընթացքում ներկայացրեց աղետի գոտում ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ կատարվող և կատարված աշխատանքների ամփոփ տեղեկատվությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սանոսյանն իր խոսքում նշեց, որ բոլոր ուղղություններով ակտիվ աշխատանքները շարունակվում են՝ հավելելով, որ միջպետական Մ6 մայրուղին արդեն բաց է մեքենաներով երթևեկության համար, ինչը ժամանակի խնայողության ու կապի առումով ունի չափազանց կարևոր նշանակություն: Այդուհանդերձ Սանոսյանը վարորդներին հորդորեց զգույշ լինել, քանի որ որոշ հատվածներում ճանապարհի կահավորման աշխատանքները շարունակվում են:

«Երեկվանից արդեն աշխատում է Այրումի երկաթուղային կայարանը, ինչի արդյունքում արդեն ունենք վառելիքով ներկրված քսաներկու վագոն: Բենզինն ու դիզվառելիքը դատարկվել են, և վագոնները վերադարձել են Վրաստան՝ վառելիքի հաջորդ խմբաքանակը մի քանի ժամից բերելու համար: Մեզանից խնդրել են լրացուցիչ բեռնատար մեքենաներ, մենք այդ ուղղությամբ նույնպես աշխատում ենք, որպեսզի վառելիքն ավելի հեշտությամբ մատակարարենք շահառուներին: Երկաթուղու մյուս հատվածներում նույնպես ընթանում են ակտիվ աշխատանքներ, ինչը մեծացնում է հույսը, որ կկարողանանք հնարավորիս արագ երկաթուղու գործունեությունն ամբողջությամբ վերականգնել»,- ասաց Սանոսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ Ալավերդու շատ հատվածներ արդեն մաքրվել են աղբից, տիղմից ու ջրի հետքերից: Քարկոփ համայնքում վերջին օրերի ակտիվ աշխատանքի արդյունքում նկատելի են զգալի դրական փոփոխություններ: Այդտեղ վերականգնվել է ջրի մատակարարումը, մասնակիորեն նաև էլեկտրականության մատակարարումը: Այս պահին Ալավերդու հատվածում գործում են հետիոտնային չորս կամուրջներ, որոնք հեշտացնում են բնակիչների հոգսն ու շինարարների գործը:

«Մեր ուշադրության կենտրոնում է չորս բնակավայրերի հետ կապի ապահովման խնդիրը: Տարբեր գործընկեր երկրների հետ համագործակցում ենք կամուրջներ տեղակայելու հարցում՝ փորձելով համատեղ ուժերով գտնել լուծումներ: Առաջիկա օրերին կապահովենք երթևեկությունը նաև Ախթալայի կամրջով: Էլեկտրաէներգիայի, ջրի ու գազի մատակարարումները նույնպես ակտիվորեն շարունակվում են: Ենթակառուցվածքների խոշոր վնասվածքներ այլևս չունենք, մեծ մասը վերականգնված է: Այս փուլում հանրապետական, մարզային ու համայնքային հանձնաժողովներն իրականացնում են ակտիվ գույքագրման ու վնասների գնահատման աշխատանքներ՝ հընթացս վերլուծելով նաև նախկինում իրականացված գույքագրումները, որպեսզի գործընկերները կարողանան կոնկրետ ծրագրեր կյանքի կոչել: Դրանք կարտահայտվեն փոխհատուցումների, վարկերի, արտոնությունների և այլ բնույթի աջակցությունների տեսքով»,- նշեց ՏԿԵ նախարարը:

Նրա խոսքով՝ պատշաճ ուշադրություն է դարձվում նաև առողջապահական խնդիրներին, որպեսզի տեսչության և առողջապահության գործընկերները կարողանան ճիշտ գնահատել և վերահսկել սանիտարահամաճարակային իրավիճակը: Նախարարը նշեց, որ նախորդ երկու օրերին Երևանում հանդիպել է կառավարության գործընկերների հետ, ներկայացրել աղետի գոտում իրականացվող աշխատանքների ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ՝ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ ներգրավվել են, որպեսզի աղետի գոտում իրականացվող գույքագրման ու վնասի գնահատման արդյունքում սկսեն փոխհատուցումներ տրամադրել տուժածներին:

«Հետագայում համապատասխան նախագծերի համաձայն՝ իրականացվելու են նաև հիմնական կամուրջների կառուցման աշխատանքներ, որոնք կփոխարինեն ժամանակավոր ենթակառուցվածքներին: Յուրաքանչյուր գերատեսչություն այդ առումով կատարում է իր բաժին աշխատանքը: Կան խմբեր, որոնք աշխատում են ժամանակավոր լուծումներ գտնելու ուղղությամբ, մյուսները կենտրոնացած են նախագծային աշխատանքների վրա»,- ասաց Սանոսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ հիմնական ուղղություններից մեկն էլ գետերի հուների մաքրումն է և հենապատերի վերականգնումը:

«Դեբեդի մակարդակն էականորեն նվազել է, ինչը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռել բազմաթիվ խնդիրներ լուծելու համար: Որքան էլ հեղեղման հիմնական պատճառը գետն է, բայց մյուս կողմից էլ աղետը նաև մեր երկարամյա վատ աշխատանքի հետևանքն է, հետևաբար այսօր գուցե կա նաև օրենսդրական փոփոխությունների կարիք, որպեսզի կարողանանք մաքրման ու ափապաշտպան աշխատանքներ կատարել գետերի հուներում: Գետերում դեռ կան քարակույտեր, աղբ, ծառային զանգվածներ, որոնք նպաստել են գետերի մակարդակի բարձրացմանը: Շրջակա միջավայրի նախարարության գործընկերներին այդ մասով խնդրել ենք կատարել համապատասխան դիտարկումներ, և եթե լինի օրենսդրական փոփոխությունների կարիք, նախաձեռնեն նաև այդպիսի գործընթաց՝ ապագայում կանխելով նման աղետների կրկնությունը»,- եզրափակեց ՏԿԵ նախարարը:

Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերը:

Մանվել Մարգարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում