Մշակույթ

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը վերադարձել են Գերմանիայում համերգային շրջագայությունից

5 րոպեի ընթերցում

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը վերադարձել են Գերմանիայում համերգային շրջագայությունից

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն օրերս է վերադարձել Գերմանիայում համերգային շրջագայությունից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգչախմբից հայտնում են, որ մայիսի 3-17-ը Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ հայ երգի դեսպաններն իրենց կատարումներով զարդարել են գերմանական 4 տարբեր քաղաքների պատկառելի հարթակները։

e1.jpg (374 KB)

Շրջագայությունը սկսվել է Համբուրգ քաղաքից: Երգչախմբի առաջին համերգը կայացել է սուրբ Գերտրուդի տաճարում տեղի հայտնի Համբուրգի աղջիկների երգչախմբի հետ համատեղ։ Միացյալ համերգն ավարտվել է Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան» երգի համատեղ կատարմամբ։

Մայիսի 5-ին երգչախումբը երգել է ս. Հակոբի եկեղեցում մատուցվող սուրբ Պատարագի արարողությանը՝ կիրակնօրյա հանդիսությանը միահյուսելով միջնադարյան հայ շարականների, Կոմիտասի, Եկմալյանի, հայ ժամանակակից կոմպոզիտորների հոգևոր գանձերի հնչյունները։

e5.jpg (396 KB)

Նույն օրվա երեկոյան երգչախումբը մեկ այլ եկեղեցում՝ Համբուրգի Յուբիլատե հոգևոր կենտրոնում, մենահամերգով է հանդես եկել, որը ևս մեծ ոգևորությամբ է ընդունվել ունկնդրի կողմից։ Երեխաների ելույթից խանդավառված՝ հանդիսատեսի թվում գտնվող մի տեղական երգչախումբ մինչև անգամ հանպատրաստից երգ է ձոնել հայ մանուկներին։

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի հաջորդ հանգրվանը Հանովերն է եղել, որտեղ խումբը մայիսի 8-13-ը մասնակցել էր Հանովերի մանկական և պատանեկան երգչախմբերի միջազգային փառատոնին։

e3.jpg (351 KB)

Մայիսի 8-ին տեղի է ունեցել փառատոնի հանդիսավոր բացումը Հանովերի կոնգրեսների 3000 տեղանոց պալատում։ Գրեթե երկու տասնյակի հասնող ամենատարբեր ազգերի երգչախմբերը նախ ներկայացել են յուրաքանչյուրն իր այցեքարտ-կատարմամբ, ապա երգել են միասին, ինչն իսկապես տպավորիչ է եղել և շատ հզոր։ Այնուհետև հաջորդել են փառատոնային օրերը, որ հարուստ են եղել նույն բազմազգ խմբերի հանդիպումներով, առավոտյան երգաստեղծական հետաքրքիր վարժանքների տեսքով, երեկոյան ուրախ ու հիշվող խնջույքների, միացյալ և առանձին ելույթներով։

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը փառատոնի շրջանակներում ունեցել է ևս երեք մենահամերգ, մեկը Քրիստուսկիրխեի նորակառույց հարթակում, մյուսը՝ Հանովերի լավագույն դահլիճներից մեկում՝ Ռադիոյի 2000 տեղանոց համերգասրահում, ապա Անդրեաս Սփրինգե եկեղեցում։

e7.jpg (374 KB)

Մայիսի 12-ին երգչախումբը մասնակցել է փառատոնի փակման արարողությանը։ Մյուս երգչախմբերի թվում Տիգրան Հեքեքյանի փոքրիկները կատարել են իրենց լավագույն ստեղծագործություններից մի քանիսը, ապա բոլոր երգչախմբերով երգել են միացյալ ուժերով ամենօրյա աշխատարանների ընթացքում ստեղծած փառատոնի փակման երգը, որտեղ յուրաքանչյուր խումբ երգել է սեփական լեզվով իր իղձերի, մարդկությանն ուղղված մաղթանքների մասին, ապա միանում հզոր ու շքեղ կրկներգով։

Հաջորդ վայրը Դորտմունդն է եղել. Հունան Եղոյանի հիմնադրած «Մենք» երիտասարդաց միության ջանքերով և հայ ընտանիքների ուժերով կազմակերպվել է երգչախմբի կեցությունն ու մայիսի 14-ի համերգային ելույթը «Orchesterzentrum» դահլիճում։

e6.jpg (127 KB)

Հաջորդ քաղաքը, որտեղ սպասել են փոքրիկ երգիչներին, Մյունխենն է եղել։ Այդտեղ Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ երգչախումբը համերգով հանդես է եկել «Bürgerhaus Haar» համերգադահլիճում:

Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել նաև Թոլցի մանկական արական երգչախումբը։ Համերգի ավարտին այս անգամ ևս երկու երգչախմբերը միասին հայերեն լեզվով կատարել են Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան»-ը, ինչը մեծ խանդավառությամբ է ընդունվել ունկնդրի կողմից։

Երգչախումբը վերադարձել է հայրենիք մեծ հոգեկան «ավարով»՝ հարստացած տպավորություններով, մարդկանցից ստացած ջերմությամբ, ծափերի տարափն ականջներում։

Առջևում երգչախմբին սպասում է Սյունիքը, որտեղ մայիսի 26-29-ը նորից երգն է թևածելու, Տիգրան Հեքեքյանի կողմից անցկացվող «Երգով ու սիրով» ամենամյա ՝ այս անգամ արդեն 4-րդ փառատոնի կոչնակների ներքո։

e2.jpg (350 KB)

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում