Քաղաքականություն

Ժամանակն է, որ մեր ձայնը լսելի դարձնենք. 22-ամյա Աննա Հովսեփյանն առաջադրվել է Բրյուսելի շրջանային ընտրություններում

3 րոպեի ընթերցում

Ժամանակն է, որ մեր ձայնը լսելի դարձնենք. 22-ամյա Աննա Հովսեփյանն առաջադրվել է Բրյուսելի շրջանային ընտրություններում

ԲՐՅՈՒՍԵԼ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելգիայում հուլիսի 9-ին կայանալիք շրջանային, դաշնային և եվրոպական ընտրություններում ներկայացված է 5 հայ թեկնածու, որոնցից 1-ը՝ Բրյուսելի շրջանային, 2-ը՝ ֆեդերալ, մյուս 2-ը՝ եվրոպական ընտրությունների ցուցակներում։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը հարցազրույցների շարքով ձեր ուշադրությանը կներկայացնի թեկնածուներին, նրանց քարոզարշավի առաջնահերթություններն ու ընտրություններին հայ թեկնածուների մասնակցության կարևորությունը Բելգիայի հայկական համայնքի համար։

Բրյուսելի շրջանային ընտրություններում «MR» կուսակցության կողմից առաջադրված 22-ամյա Աննա Հովսեփյանի մոտ քաղաքականության հանդեպ հետաքրքրությունը դեռ պատանի տարիքից է եղել։ Ազատական արժեքներին մեծ կարևորություն տվող երիտասարդ հայուհու նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ կրթությունը որակյալ է, իսկ նախաձեռնողականությունն ու աշխատանքը խրախուսվում են։

Կպատմե՞քՁեր մասին։ Մասնագիտական ի՞նչ անցյալ ունեք և ինչպե՞ս հայտնվեցիք քաղաքականության մեջ։

Փոքր տարիքից հետաքրքրված լինելով քաղաքականությամբ և աշխարհաքաղաքականությամբ՝ մտածում էի քաղաքականությամբ զբաղվելու մասին՝ միաժամանակ գիտակցելով, որ որպես այլ ծագում ունեցող երիտասարդ, դա այնքան էլ հեշտ չէ, ինչպես թվում է: Բայց երբ ուզում ենք դրական ազդեցություն ունենալ մեր հասարակության վրա, պետք է գնանք մինչև վերջ։ Ներկայում իրավաբան եմ և զբաղվում եմ քաղաքականությամբ։ Միևնույն ժամանակ, պարի մարզիչ եմ՝ համատեղելով իրավունքի, քաղաքականության և սպորտի հանդեպ իմ մեծ սերը։

Ինչո՞վ էր պայմանավորված «MR» կուսակցությունն ընտրելու Ձեր որոշումը։

Եվրոպական խորհրդարանում պրակտիկա եմ անցել Renew Europe քաղաքական խմբակցությունում: Այդ ժամանակ իսկապես հասկացա, որ կիսում եմ ազատական ​​արժեքները: MR-ը Բելգիայում քաղաքական այն կուսակցությունն է, որը մարմնավորում է ազատական ​​արժեքները:

Ի՞նչ առաջնահերթություններ ունեք Դուք և ի՞նչ եք խոստանում ընտրողին։

Իմ նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ բնակիչներն իրենց ապահով կզգան, որտեղ փողոցները մաքուր կլինեն, որտեղ երիտասարդների համար կրթությունը որակյալ կլինի, և որտեղ նախաձեռնող լինելն ու աշխատանքը կխրախուսվեն և կզարգանան։

Հայ թեկնածուների առաջադրումը և հնարավոր հաջողությունները ի՞նչ շոշափելի ազդեցություն և արդյունք կարող են ունենալ Բելգիայի հայ համայնքի համար։

Բելգիայում մենք չունենք ազգությամբ հայ ընտրված ներկայացուցիչներ։ Հետևաբար, մեր համայնքն ուղղակիորեն ներկայացված չէ խորհրդարանում: Մեր սփյուռքը՝ ուժեղ և լավ ինտեգրված, արժանի է իր տեղն ունենալ նաև տեղական քաղաքականության մեջ։ Հիմա ժամանակն է, որ մենք մեր ձայնը լսելի դարձնենք։

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում