Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

ԱՄՆ մասնագետները Երևանում իրավական փոխօգնության հարցումների վերաբերյալ  վերապատրաստման դասընթաց են անցկացնում

ԱՄՆ մասնագետները Երևանում իրավական փոխօգնության հարցումների 
վերաբերյալ  վերապատրաստման դասընթաց են անցկացնում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ապրիլի 16-ին մասնակցել է ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ ԱՄՆ արդարադատության նախարարության միջազգային օգնության գրասենյակի (OIA) և ԱՄՆ պետդեպարտամենտի իրավական խորհրդատուի գրասենյակի պատվիրակության այցի շրջանակներում Երևանում անցկացվող՝ իրավական փոխօգնության հարցումներին վերաբերող երկօրյա վերապատրաստման դասընթացի բացման արարողությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, վերպատրաստումն ուղղված է ԱՄՆ իրավասու մարմիններին իրավական փոխօգնության հարցումներով դիմելու ոլորտում ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ դատախազության և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների հմտությունների կատարելագործմանը, նման հարցումներին ներկայացվող պահանջների, հարցումների ներկայացման և դրանց լուծման ընթացակարգերի վերաբերյալ օգտակար տեղեկատվության և փորձառության տրամադրմանը։

Ըստ աղբյուրի՝ բացման արարողությանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանին, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները։

Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն իր խոսքում կարևորել է նման դասընթացի անցկացումը քրեական վարույթներով ՀՀ և ԱՄՆ իրավապահ մարմինների միջև համագործակցության սերտացման, իրավական փոխօգնության խնդրանքների կատարման արդյունավետության բարձրացման տեսանկյունից։ Արսեն Այվազյանը նկատել է, որ այդ հարցում հմտությունների զարգացման անհրաժեշտությունը բխում է ՀՀ իրավասու մարմինների կարիքներից, իսկ ստացած գիտելիքների գործնական կիրառումը կնպաստի հատկապես անդրազգային բնույթ կրող հանցագործությունների, մասնավորապես փողերի լվացման, թմրանյութերի ապօրինի շրջանառության, ապօրինի միգրացիայի դեպքերով նախաքննության արդյունավետությանը և արագությանը։ Նա հույս է հայտնել, որ նման նախաձեռնությունները կլինեն շարունակական՝ վերահաստատելով դրանց ՀՀ քննչական կոմիտեի շահագրգիռ ներգրավվածության պատրաստակամությունը։

Երկօրյա դասընթացին մասնակցում են ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Անուշ Գասպարյանը, ինչպես նաև ՀՀ ՔԿ տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների ինքնավար պաշտոններ զբաղեցնող 16 անձինք։    

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am