Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին մեղադրել է «ջուրը պղտորելու» մարտավարություն կիրառելու մեջ

ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին մեղադրել է «ջուրը 
պղտորելու» մարտավարություն կիրառելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Կոնստանտինոս Սալոնիդիսը  «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ընթացքում անդրադարձավ Ադրբեջանի այն փաստարկին, թե իբր Հայաստանը չի կատարել քննարկվող գործով Ադրբեջանի հետ բանակցելու նախապայմանը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սալոնիդիսը ներկայացրեց, թե ինչո՞ւ է Ադրբեջանի նախնական առարկությունը ենթակա մերժման։

«Ադրբեջանի առաջին փաստարկն այն է, թե իբրև կողմերը երբևէ բանակցություններ չեն իրականացրել։ Չի վիճարկվում այն փաստը, որ նախքան Հայաստանի գանգատը ներկայացնելը կողմերն ավելի քան 40 անգամ նամակագրություն են փոխանակել և 7 փուլերով երկկողմ հանդիպումների են մասնակցել 10 ամսվա ժամանակահատվածում՝ 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի սեպտեմբեր։ Ադրբեջանը պնդում է, թե յոթ ամիսների ընթացքում կողմերն իրականացրել են այսպես կոչված նախաբանակցություններ, և թե այդ նախաբանակցությունները Կոնվեցիայի 20-րդ հոդվածի իմաստով չեն մտնում բանակցությունների սահմանման մեջ։ Ադրբեջանը պնդում է, թե դա այդպես է, քանի որ այդ նախաբանակցությունները վեճի բուն էությանը չեն անդրադառնում»,- ընդգծեց Սալոնիդիսը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը պնդում է, թե ընթացակարգային և տեխնիկական քննարկումները դատարանի սահմանման համաձայն չեն կարող դիտարկվել որպես բանակցություններ, բայց Ադրբեջանը որևէ փաստարկով չի հիմնավորում իր այս պնդումը։

«Դատարանը երբեք չի ասել, որ բանակցությունները չեն ներառում ընթացակարգային և տեխնիկական փոխանակումները, եթե դրանք արվում են վեճը լուծելու նպատակով։ Եվ, իսկապես, դատարանի առաջին նախնական միջոց կիրառելու վերաբերյալ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման մեջ դատարանը գնահատել է կողմերի դիրքորոշումների փոփոխությունը՝ սկսած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջին քննարկումից մինչև վերջին երկկողմ հանդիպումը։ Դատարանը դա արել է նաև այլ գործերի շրջանակում և, բնականաբար, դատարանի մոտեցումը շատ տրամաբանական է։ Եթե դատարանն ընդուներ Ադրբեջանի պնդումը, դա կնշանակեր, որ ցանկացած պատասխանող պետություն կարող է դիմող պետությանը անվերջ ներքաշել տեխնիկական և ընթացակարգային հարցերի անավարտ քննարկման մեջ՝ այդ կերպ խուսափելով վեճի լուծումից դատարանի իրավազորության ներքո, ուստի Ադրբեջանի, ոչ թե Հայաստանի դիրքորոշման պատճառով է իմաստից և նշանակությունից զրկվում Կոնվեցիայի 20-րդ հոդվածը»,- ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը։

Սալոնիդիսը հիշեցրեց Ադրբեջանի ներկայացուցչի այն պնդումը, թե տեխնիկական և ընթացակարգային հարցերի 7 ամիս քննարկումները կարող են երկարաժամկետ և տևական թվալ, սակայն, ըստ փաստաբանի, դա իսկապես երկարաժամկետ և տևական է։

«Դա շատ ավելի երկար կտևեր, եթե Հայաստանը յուրաքանչյուր անգամ չընդուներ և չկատարեր Ադրբեջանի խնդրանքները։ Ադրբեջանի առաջին իսկ նամակից սկսած պարզ դարձավ, որ Հայաստանը ստիպված կլինի Ադրբեջանի հայելային պահանջները քննարկել Հայաստանի պահանջներին զուգահեռ։

Ակնհայտ դարձավ նաև, որ եթե Հայաստանն ուզում է, որ բանակցություններն առաջ շարժվեն, ստիպված կլինի ընդունել Ադրբեջանի թելադրանքը բանակցությունների ժամկետների, վայրի և ձևաչափի հարցերում։

Անցել էր երեք ամիս, և Ադրբեջանն արդեն պնդում էր, որ նախ լրացուցիչ քննարկումներ անցնելու համար անհրաժեշտ է համաձայնեցնել բանակցությունների ձևաչափը, հետո բանակցությունների շրջանակը և հետո միայն երեք ու կես ամիս քննարկել ընթացակարգային ձևաչափը և բանակցությունների շրջանակը»,- ասաց ՄԱԿ-ի արդարադատության դատարանում ՀՀ ներկայացուցիչը։

Նա նաև ընդգծեց, որ Ադրբեջանի այդ դիրքորոշումը չի համապատասխանում «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով Ադրբեջանի դիրքորոշմանը, որով Ադրբեջանը հստակորեն անդրադարձել է հենց այդ նույն քննարկումներին, փաստաթղթերի փոխանակումներին և հանդիպումներին, որոնք կողմերի միջև տեղի են ունեցել ընթացակարգային հարցերի վերաբերյալ և ասել, որ դրանք բանակցություններ են։

«Հենց իր գործով Ադրբեջանը պնդել է, որ դրանք նախաբանակցություններ չեն։ Եվ Ադրբեջանը հիմք չունի «Ադրբեջանն ընդդեմ Հայաստան» գործով դրանք որակել որպես բանակցություններ, իսկ այս գործով դրանք որակել որպես նախաբանակցություններ։ Ինչպես դատարանը տեղյակ է՝ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը չի վիճարկում այն հանգամանքը, որ սույն գործով բանակցելու նախապայմանը կատարված է։  

Ամփոփելով կարող եմ ասել, որ բանակցությունների մեջ չի կարող չներառվել կողմերի միջև ընթացակարգային և տեխնիկական հարցերի վերաբերյալ փոխանակումը, եթե դրա նպատակը եղել է վեճի լուծումը։ Այս պարագայում հատկապես այդպես է՝ հաշվի առնելով Ադրբեջանի «ջուրը պղտորելու» մարտավարությունը»,- եզրափակեց Սալոնիդիսը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am