Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելը կարևոր քայլ է ՀՀ-ի կողմից վարվող քաղաքականության տեսանկյունից․ ԱԳ նախարարի տեղակալ

Եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելը կարևոր քայլ է ՀՀ-ի 
կողմից վարվող քաղաքականության տեսանկյունից․ ԱԳ նախարարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ցեղասպանության, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ օգոստոսի 3-ը Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու մասին նախագծի քննարկման ժամանակ։ 

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը թե՛ երկկողմ,  թե՛ բազմակողմ համագործակցային հարթակներում ակտիվորեն աջակցում է հիշատակված հանցանքների կանխարգելմանն ու դատապարտմանն ուղղված միջոցառումներին, ցեղասպանությունների և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման գործիքների և մեխանիզմների հետագա մշակման գործընթացներին։

«Բոլորովին վերջերս՝ ապրիլի 3-ին, Միացյալ ազգերի կազմակերպության մարդու իրավունքների խորհրդի կողմից կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» երկամյա բանաձևը։ Նշված բանաձևը, ինչպես նաև մեր երկրի այլ նախաձեռնությունները, կարևոր դեր են խաղում ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային օրակարգն ամրապնդելու հարցում, հիշատակված ոլորտում Միացյալ ազգերի կազմակերպության կառույցների և մարմինների համագործակցությունն ինստիտուցիոնալացնելու և մարդու իրավունքների կոպիտ խախտումների ժամանակից մարտահրավերները հասցեագրելու ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը։

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց՝ Հայաստանը տարիներ շարունակ ամենատարբեր միջազգային հարթակներում բարձրաձայնել է եզդիների նկատմամբ իրագործված հանցանքների մասին։

«2018 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականի իրականացված ցեղասպանության դատապարտման մասին հայտարարությունը։  

Հիշատակված հայտարարության ընդունումը պայմանավորված է եղել եզդի ժողովրդի հանդեպ տեղի ունեցած ոճրագործությունը որպես ցեղասպանություն որակելու, ինչպես նաև նման ծանր հանցագործությունները կանխարգելելու, մեղավորներին պատժելու և ժողովրդին հատուցում տրամադրելու խնդրի աջակցման կարևորությամբ»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա հատկանշական է համարում այն, որ Իրաքի Հանրապետությունը 2021 թվականի մարտին ընդունված օրենքով ճանաչել է եզդիների և այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը և օգոստոսի 3-ն ամրագրել է որպես ցեղասպանության զոհերի  հիշատակի օր։

«Սույն նախագծի ընդունումը և օգոստոսի 3-ը 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելու նախաձեռնությունը կարևոր քայլ է հիշյալ հարցում Հայաստանի կողմից վարվող սկզբունքային քաղաքականությունը և մոտեցումները ևս մեկ անգամ արտահայտելու, հայ-եզդիական բարեկամական կապերն ամրապնդելու, ինչպես նաև եզդի ժողովրդին աջակցություն հայտնելու տեսանկյունից։

Կարծում ենք, որ ցեղասպանությունների ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված հիշատակի և ոգեկոչման օրերը և միջոցառումները կարևոր են ոչ միայն ժխտողականության դեմ պայքարի, կանխարգելման և կրկնությունից խուսափելու, այլ ամենադժվարին հարցերի շուրջ երկխոսության և համերաշխության մթնոլորտ ձևավորելու հնարավորության տեսանկյունից»,- եզրափակեց Հովհաննիսյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am