Պաշտոնական

Համատեղ ջանքերի շնորհիվ նոր լիցք կհաղորդենք հարաբերությունների հարուստ օրակարգին. ՀՀ վարչապետը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

2 րոպեի ընթերցում

Համատեղ ջանքերի շնորհիվ նոր լիցք կհաղորդենք հարաբերությունների հարուստ օրակարգին. ՀՀ վարչապետը շնորհավորել է  Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նոուրուզի առիթով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է.

«Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ իրանական Ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ: Թող գալիք տարին հարևան և բարեկամ Իրանի ժողովրդի համար նշանավորվի բացառիկ հաջողություններով ու խաղաղությամբ։ Գոհունակությամբ կարող եմ արձանագրել, որ փոխադարձ հարգանքի ու շահերի համադրման մթնոլորտում զարգացող Հայաստան-Իրան հարաբերությունները շարունակում են իրենց անշեղ ընթացքը:

Լիահույս եմ, որ լիարժեքորեն օգտագործելով մեր երկկողմ հարաբերություն­ներում առկա մեծ ներուժը՝ ընթացիկ տարում կհասնենք փոխգործակցության նոր հորիզոնների՝ ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցության և տարածաշրջանային կայունության:

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արևշատու­թյուն, իսկ Իրանի ժողովրդին՝ հարատև բարօրություն»։

Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի ժողովրդին բնության զարթոնքի և գարնանամուտի տոնի՝ Նոուրուզի առթիվ։ Մաղթում եմ, որ նոր տարին հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության համար լինի անխախտ խաղաղության և նորանոր ձեռքբերումների տարի։

Մեր կառավարությունն ու ժողովուրդն առանձնահատուկ կերպով են կարևորում փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված Հայաստան-Իրան հարաբերությունները:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ ամենակարճ ժամանակահատվածում նոր լիցք կհաղորդենք երկկողմ հարաբերությունների հարուստ օրակարգին, և կկենսագործվեն ինչպես ընթացիկ, այնպես էլ նախանշվող բազում ծրագրեր:

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ, իսկ բարեկամ իրանցիներին՝ խաղաղություն և բարօրություն»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում