Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ-ԵՄ համագործակցությունը անդրադառնում է արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումների օրակարգի ողջ սպեկտրին. նախարար Մինասյան

ՀՀ-ԵՄ համագործակցությունը անդրադառնում է արդարադատության ոլորտում 
ընթացող բարեփոխումների օրակարգի ողջ սպեկտրին. նախարար Մինասյան

ԲՐՅՈՒՍԵԼ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն անցած օրերին Բրյուսելում հանդիպումներ է ունեցել ԵՄ ոլորտային հանձնակատարների հետ՝ ներկայացնելով Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումները։  

«Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի հարցերին պատասխանելով՝ նախարար Մինասյանն ընդգծել է, որ քննարկվել են նաև միջազգային կոնվենցիոն մեխանիզմներին ՀՀ անդամակցության գործընթացներն ու վերջին զարգացումները։ Առանձնակի քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավական ու սոցիալական երաշխիքների ապահովման ու ամրապնդմանն ուղղված գործիքակազմերի կատարելագործմանը վերաբերող հարցեր։

-Պարոն նախարար, ո՞րն է Բրյուսել այցի հիմնական նպատակը։

-2024 թվականի փետրվարի 13-ին կայացած ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի նիստի արդյունքներով ազդարարվել է ՀՀ-ԵՄ համագործակցության նոր օրակարգի ձևավորումը, որի շրջանակներում շարունակական ջանքեր են գործադրվելու ԵՄ հետ իրավունքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում համագործակցության առավել խորացման և դրանց շրջանակի ընդլայնման ուղղությամբ։ Գործընկերության նոր օրակարգի ընդունումն արդարադատության ոլորտում առկա սերտ համագործակցության ընդլայնման կարևոր խթան կհանդիսանա։

Այս համատեքստում այցս նպատակ է հետապնդել հանդիպումներ ունենալ ԵՄ ոլորտային հանձնակատարների, ինչպես նաև Խորհրդարանի պատգամավորների հետ՝ ներկայացնելու արդարադատության ոլորտին վերաբերող վերջին զարգացումներն ու բարեփոխումները, ինչպես նաև քննարկելու ԵՄ կողմից ոլորտին ցուցաբերվող աջակցության շրջանակի ընդլայնման հնարավորությունը։ Այցի ընթացքում հանդիպումներ եմ ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի, ոլորտային հանձնակատարների, Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ։

Հանդիպումների շրջանակներում գործընկերների հետ քննարկվել է դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական ու պրոբացիայի, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումները, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության ոլորտում գրանցված հաջողությունները։

Անդրադարձ է կատարվել նաև նոր Սահմանադրության մշակման թափանցիկ և ներառական գործընթացին, որը հնարավորություն կտա ունենալ ՀՀ ժողովրդի կողմից ամբողջությամբ ընդունելի նոր Սահմանադրություն՝ հասցեագրելով առկա մարտահրավերներն ու այն համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին։

Քննարկվել են նաև միջազգային կոնվենցիոն մեխանիզմներին ՀՀ անդամակցության գործընթացներն ու վերջին զարգացումները։ Առանձնակի քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավական ու սոցիալական երաշխիքների ապահովման ու ամրապնդմանն ուղղված գործիքակազմերի կատարելագործմանը վերաբերելի հարցեր։

-Արդարադատության նախարարության Եվրամիության հետ համագործակցությունն ի՞նչ մակարդակում է գտնվում։

-Արդարադատության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցությունն իրականացվում է արդյունավետ փոխգործակցության տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ ԵՄ տարբեր գործիքակազմերով աջակցության տրամադրումն ու փորձի փոխանակման, ինչպես նաև թիրախային ծրագրերի իրականացման տեսքով։

Հարկ է ընդգծել, որ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) հանդիսանում է որպես ԵՄ-ի հետ համագործակցությունն ամրագրող հովանոցային փաստաթուղթ։ Համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի շրջանակներում նախարարությունը հանդիսանում է քսանմեկ բարեփոխումային գործողությունների իրականացման պատասխանատու և մինչ 2024թ. իրականացրել է իր ստանձնած հանձնառությունները, մոտավորապես 90 %-ով։

Համագործակցության կարևոր ձևաչափ է ՀՀ-ԵՄ արդարադատության, ազատության, անվտանգության հարցերով ու Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ենթակոմիտեների տարեկան նիստերի անցկացումը։ Այս տարի թվով 13-րդ նիստերն են անցկացվել, որտեղ քննարկվել են դատաիրավական ու հակակոռուպցիոն բարեփոխումներին, անձնական տվյալների պաշտպանությանը, մարդկանց թրաֆիքինգին առնչվող հարցեր։ Մարդու իրավունքների շուրջ երկխոսությունն ընդգրկում է ընտրական բարեփոխումների իրականացմանը, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի, քրեակատարողական համակարգի բարեփոխումներին, խոշտանգումների դեմ պայքարի գործիքակազմին, խոսքի և տեղեկատվության ազատության իրավունքի ապահովմանը, գենդերային հավասարության ապահովմանը և ընտանեկան բռնության դեմ պայքարին առնչվող հարցերը:

Որպես երկկողմ համագործակցության լավագույն ձևաչափ՝ 2019թ.-ից գործարկվել է ՀՀ-ԵՄ արդարադատության հարցերով երկխոսության հարթակը։ Հարթակը հնարավորություն է տալիս ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների, արդարադատության ոլորտին առնչվող բոլոր պետական մարմինների ու հասարակական կազմակերպությունների հետ համատեղ քննարկել ոլորտային բարեփոխումներն ու զարգացումները, ինչպես նաև բարձրաձայնել մտահոգություններն ու հիմնախնդիրները՝ տեղում հնարավոր լուծումներ գեներացնելով։ Նշեմ, որ նախորդ տարի դեկտեմբերին տեղի ունեցավ հարթակի չորրորդ հանդիպումը, իսկ հաջորդը նախատեսվում է անցկացնել այս գարնանը։ 

Հանդիպման շրջանակներում քննարկվել է արդարադատության ոլորտի առաջնահերթությունները, բյուջետային աջակցության ծրագրերի կատարման ընթացքը, Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության իրականացման ընթացքը, Հակակոռուպցիոն 2019-2022թթ. ռազմավարությունը և նոր 2023-2026թթ.-ի ռազմավարության ու դրանցից բխող գործողությունների ծրագրի ոլորտային ուղղություններն ու առաջիկա ծրագրերը։

-ԵՄ կողմից դատական եւ հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումներին աջակցությունն ի՞նչ փուլում է, ի՞նչ ծրագրեր են կյանքի կոչվել մինչ այժմ։

-Պետք է նշեմ, որ ԵՄ շարունակական աջակցությունը եղել է անկյունաքարային՝ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, անկախ դատական համակարգի ամրապնդման և հակակոռուպցիոն ինստիտուտների հզորացման ոլորտներում ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի համար:

ԵՄ-ն աջակցում է արդարադատության ոլորտի բարեփոխումներին անմիջականորեն նախարարության հետ իրականացվող ծրագրերի,  և  ի թիվս այլնի, նաև Բյուջետային աջակցության ծրագրերի իրականացմամբ։ Ներկայացնեմ վերջին տարվա ընթացքում իրականացված ծրագրերը։

2018 թվականի հուլիսին ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի միջև կնքվել է «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը» համաձայնագիրը:

Այս ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացման գործընթացին՝ Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի շրջանակներում երկրի ստանձնած պարտավորություններին, ԵՄ լավագույն գործելակերպերին, ինչպես նաև` արդարադատության ոլորտում ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսությունից բխող առաջարկություններին համապատասխան:

Ծրագրի հիմքում ընկած են արդարադատության ոլորտի բարեփոխումների հետ կապված ՀՀ կառավարության առաջնահերթությունները, որոնք համապարփակ ձևով ներկայացված են Դատական և իրավական բարեփոխումների և Հակակոռուպցիոն ռազմավարություններում:

Սա թվով երրորդ բյուջետային աջակցության ծրագիրն է՝ որը նախատեսված էր 2019-2023 թվականների համար, որի շրջանակներում ԵՄ ընդհանուր ներդրումը կազմում է 30 մլն եվրո, որից՝ 27 մլն եվրոն որպես բյուջետային աջակցություն, իսկ 3 մլն եվրոն՝ լրացուցիչ/տեխնիկական աջակցություն։

Ծրագիրը հաջողությամբ իրականացվել է և վերջինիս շարունակականությունն ապահովելու է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը. փուլ II» համաձայնագրի միջոցով։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտել նախորդ տարվա դեկտեմբերին և գործելու է մինչև 2025թ.: Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել արդարադատության և  հակակոռուպցիոն ոլորտներում միջազգային չափանիշների ձեռքբերմանը, որոնք կապված են բարեվարքության և հաշվետվողականության, անկախության, որակի, արդյունավետության և ինստիտուտների հասանելիության հետ՝ բնակչությանը՝ այդ թվում խոցելի խմբերին համարժեք ծառայություններ ապահովելու համար։ Ծրագրի շրջանակներում ԵՄ ընդհանուր ներդրումը կազմում է 9 մլն եվրո, որից՝ 7 մլն եվրոն որպես բյուջետային աջակցություն, իսկ 2 մլն եվրոն՝ լրացուցիչ/տեխնիկական աջակցություն։  

Նախարարության իրավասությանն առնչվող ռազմավարական ուղղություններով ԵՄ-ն աջակցություն է ցուցաբերում նաև TAIEX և TWINNING գործիքների միջոցով։ Ներկայումս իրականացվում է  «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» թվինինգ ծրագիրը, որի նպատակն է Հայաստանի պետական հատվածում բարեվարքության տարածումը և կոռուպցիայի կանխարգելումը: Որպես հատուկ նպատակ՝ ծրագիրն ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում կրթական ծրագրերի և հանրային իրազեկման միջոցառումների իրականացմանը, կոռուպցիայի կանխարգելման միջավայրի ստեղծմանը և ինստիտուցիոնալ կարողությունների ուժեղացմանը։

2020-2023թթ. իրականացվել է «Տեխնիկական աջակցություն «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների համար» բյուջետային աջակցության ծրագրին» ծրագիրը, որի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել դատաիրավական ու հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումներին։ Դատաիրավական ոլորտի աջակցությունը ներառել են իրավունքի գերակայության, դատարանների գործունեության կազմակերպման վերաբերյալ լավագույն փորձի տեղայնացմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև նախարարության տարբեր ստորաբաժանումների կարողությունների զարգացման վերաբերյալ վերապատրաստումներ՝ ֆինանսա-բյուջետային կառավարման, ծրագրերի մշտադիտարկման ու գնահատման մեթոդաբանությունների վերաբերյալ։

Եվրոպական միությունը նաև գործուն աջակցություն է ցուցաբերել էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի մշակման գործընթացին։ Աշխատանքները ընթացիկ փուլում են։  Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը անդրադառնում է արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումների օրակարգի ողջ սպեկտրին և վստահաբար կարող եմ հայտնել, որ ԵՄ-Հայաստան համագործակցությունը շարունակելու է էլ ավելի շոշափելի արդյունքներ գրանցել՝ իրավունքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում:

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am