Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Համագործակցության նոր հեռանկարներ. ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանն ընդունել է հայտնի կինոգործիչ Թարսեմ Սինխին

Համագործակցության նոր հեռանկարներ. ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանն 
ընդունել է հայտնի կինոգործիչ Թարսեմ Սինխին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է «Բումերանգ Մեդիա․ԱՄ»  ֆիլմարտադրող ընկերության ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել ազգությամբ հնդիկ հոլիվուդյան հայտնի կինոռեժիսոր Թարսեմ Սինխը, կանադահայ վաստակաշատ օպերատոր Նորայր Կասպերը, «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով․ Սերգեյ Փարաջանովից մեր օրեր» լիամետրաժ վավերագրական ֆիլմի ռեժիսոր Զառա Ջյանը, ֆիլմի պրոդյուսեր Անի Որսկանյանն ու խմբի այլ անդամներ:

«Հանդիպման առանցքում անվանի կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով․ Սերգեյ Փարաջանովից մեր օրեր» լիամետրաժ վավերագրական ֆիլմի ստեղծագործական խմբի հետ ծանոթությունն էր, որի ընթացքում քննարկվել են նաև համագործակցությանն ուղղված մի շարք հարցեր:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է հյուրերին և գոհունակություն հայտնել անվանի կինոգործիչ Թարսեմ Սինխի Հայաստան այցելության, մեր երկրի նկատմամբ հետաքրքրության և ճանաչողության բարձրացման համար: Նախարարի տեղակալը կարևորել է «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով․ Սերգեյ Փարաջանովից մեր օրեր» լիամետրաժ վավերագրական ֆիլմում նրա նկարահանվելու փաստը և հավելել է, որ ֆիլմի ռեժիսոր Զառա Ջյանը բոլոր հնարավորություններն օգտագործել է՝ ապահովելու Թարսեմ Սինխի մասնակցությունը ֆիլմում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբոյւրի՝ անդրադառնալով երկու մշակույթների ընդհանրություններին և տարբերություններին՝ նախարարի տեղակալը նշել է, որ համատեղ գործակցությամբ հնարավոր է աշխարհին պատմել և ներկայացնել այն առանձնահատկությունները, որոնք հատուկ են երկու երկրների մշակույթներին. «Ուրախալի փաստ է, որ նկարահանվելու եք այս ֆիլմում, սակայն մեր հնարավոր համագործակցությունը վստահաբար կարող է արդյունավետ լինել նաև կինոարտադրության ոլորտի այլ նախագծերում: Անչափ կարևորում եմ նաև մեր համատեղ գործակցությունը տարբեր հարթակներում՝ կինոշուկաների, կինոփառատոների շրջանակներում»:

Նշվում է, որ Թարսեմ Սինխը պատրաստակամություն է հայտնել առավել ընդլայնելու համագործակցության շրջանակը և հավելել, որ իր նոր կինոնախագծով պատրաստվում է այս տարի մասնակցելու «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Նրա տեղեկացմամբ՝ մինչ կինոփառատոնը նախատեսում է մեկ անգամ ևս այցելել Հայաստան, շրջել տարբեր վայրերով, ընտրել համապատասխան տարածքներ և միջավայրեր՝ նոր կինոնախագծերի իրականացման համար:

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը համատեղ նոր ծրագրերի մշակման և փոխհամագործակցության խորացման ուղղությամբ:

Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին նվիրված, «Բումերանգ Մեդիա․ԱՄ» ընկերությունը «ԱՎԱ Ֆիլմս» ընկերության հետ նախաձեռնել է «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով․ Սերգեյ Փարաջանովից մեր օրեր» լիամետրաժ վավերագրական ֆիլմը։ Այն պատմում է Սերգեյ Փարաջանովի կյանքի, աշխատանքի, հաղթանակի և ողբերգության մասին: Ֆիլմի հեղինակը և ռեժիսորը Զառա Ջյանն է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am