Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գլոբալ մարտահրավերների և տեխնոլոգիաների զարգացման հետ փոխվել են ճգնաժամերի կառավարման մեխանիզմները․ արաբագետը՝ մերձավորարևելյան զարգացումների մասին

Գլոբալ մարտահրավերների և տեխնոլոգիաների զարգացման հետ փոխվել են 
ճգնաժամերի կառավարման մեխանիզմները․ արաբագետը՝ մերձավորարևելյան 
զարգացումների մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլոբալ քաղաքական ուժերը ձգտում են Մերձավոր Արևելքում խուսափել պաղեստինաիսրայելական հակամարտության հետագա էսկալացիայից, բայց խնդիրն այն է, որ աշխարհն է փոխվել, որտեղ այլ մարտահրավերների և տեխնոլոգիաների զարգացման հետ փոխվել են ճգնաժամերի կառավարման մեխանիզմները։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Քոչարյանը։

«Պաղեստինաիսրայելական հակամարտությունը լոկալիզացնելու փորձերն այսօր էլ շարունակվում են։ Գլոբալ քաղաքական ուժերը ձգտում են խուսափել հետագա էսկալացիայից, բայց մենք ականատես ենք լինում տարբեր գործընթացների, որոնց պայմաններում նշված հակամարտությունը ճյուղավորվում է։ Թվում է, թե ի հայտ պետք է գար այն իրավիճակը, որն էլ պրոքսի պատերազմների միջոցով կհստակեցներ իրավիճակը, բայց կարող է և չլինել այնպիսի իրադրություն, որն առկա էր երկրորդ աշխարհամարտից հետո։ Տարածաշրջանում պրոքսի պատերազմները շարունակվում են, որոնք ավելի շատ վերածվել են ցանցային պատերազմների»,- ասաց արաբագետը։

HM2_2473.JPG (617 KB)

Քոչարյանի դիտարկմամբ՝ ալգորիթմը, որի համաձայն պետք է արաբական երկրները համախմբվեն, այլևս չի գործում։ Մերձավոր Արևելքում կան պետություններ, որոնք ունեն սեփական շահերը և այսպես, թե այնպես ներգրավված են ցանցային պատերազմներում։ Մի դեպքում առանձին վերցրած պետության ներսում տեղի են ունենում զարգացումներ, մեկ այլ դեպքում առանձին երկրների տարածքում գործում են պրոքսի ուժեր, որոնք ենթարկվում են այլ ցանցերի։

«Հիմնախնդիրը չպետք է դիտարկել զուտ այն տեսանկյունից, որ մի կողմում Իսրայելն ու Միացյալ Նահանգներն են, մյուս կողմում՝ արաբական երկրները։ Նման բան այլևս չկա։ Մի դրվագով կարող են համընկնել, օրինակ, Իսրայելի ու ԱՄՆ-ի շահերը, մեկ այլ իրավիճակում՝ ԱՄՆ-ի և արաբական որևէ երկրի շահերը։ Հետևաբար, չարժե սպասել ինչ-որ համախմբման։ Արաբական պետությունները վերջին տասնամյակում շարունակում են աշխատել նույն տրամաբանությամբ, այսինքն՝ իրենց անվտանգությունն ապահովելու նպատակով համագործակցում են տարբեր հարթակներում և տարբեր ուղղություններով և այդպես դիվերսիֆիկացնում են իրենց անվտանգության համակարգերը»,- նշեց մեր զրուցակիցը։

HM2_2477.JPG (480 KB)

Արաբագետի խոսքով՝ նոր ձևավորվող անվտանգային համակարգում բոլորը փորձում են գտնել հարաբերությունների կարգավորման նոր բանաձևը։ Որքան էլ, օրինակ, ԱՄՆ-ն ու Իսրայելը սերտ ռազմավարական կապեր ունենան, միմյանց փոխլրացնեն անվտանգային տարբեր համակարգերում, այդ հանգամանքն օգտագործելով թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ գլոբալ աշխարհում, այնուամենայնիվ, նրանց միջև կա նաև շահերի բախում։

«Բայց խզումն այնքան մեծ չէ, որպեսզի Միացյալ Նահանգները փորձի տարածաշրջանում այլ դաշնակիցներ գտնել, հետևաբար տարաձայնությունները փորձում են լուծել քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։ Նեթանյահուն իր հերթին բավականին փորձված քաղաքական գործիչ է, պաշտոնավարման ընթացքում աշխատել է ամերիկացի մի քանի նախագահների և համաշխարհային այլ ուժերի հետ։ Բացի Իսրայելի անվտանգությունից բխող գործողություններից, Նեթանյահուն ունի նաև իր անձնական շահերը, քանզի ձգտում է երկարաձգել վարչապետ լինելու ժամկետը»,- պարզաբանեց արաբագետը։

Անդրադառնալով այն հարցին, թե որքանով իրատեսական է «երկու պետություն երկու ժողովուրդների համար» տարբերակը, որի մասին խոսում է միջազգային հանրությունը՝ փորձելով այդ կերպ հանգուցալուծել պաղեստինաիսրայելական հակամարտությունը, Քոչարյանն ընդգծեց, որ թեև այդ մոտեցումն ամրագրված է ՄԱԿ-ի համապատասխան որոշումներով, սակայն այդտեղ կան վիճելի հարցեր։

«Հիմնականներից մեկը, թերևս, Երուսաղեմին առնչվող հարցն է։ Իսրայելն ունի օրենք, որի համաձայն՝ միասնական Երուսաղեմն իրենց մայրաքաղաքն են հռչակել և չեն ընդունում այլ տարբերակ, մինչդեռ պաղեստինյան կողմը չի ընդունում այն սահմանները, որ առաջարկում են իրեն՝ համարելով, որ Իսրայելն օկուպացրել է պաղեստինցիների պատմական տարածքները, որոնք պետք է լինեն իրենց պետության կազմում։ Եթե Երուսաղեմին ու սահմաններին առնչվող վիճահարույց հարցերն առաջնային են, պակաս կարևոր չեն համատեղ գոյատևելու և տնտեսապես համագործակցելու հարցերը։ Պաղեստինի տնտեսությունն ինտեգրված է իսրայելականին, Իսրայելն է հիմնական շուկան։ Սրանք լուրջ հարցեր են, որոնք հարցականի տակ են դնում վերոհիշյալ ալգորիթմի իրականացումը երկու ժողովուրդների համար»,- եզրափակեց արաբագետը։           

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am