Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Բանաստեղծություններիս առանցքում մարդն է. Վասիլ Կույբիդան հայերեն թարգմանությամբ ներկայացրեց «Բանի առեղծվածը» ժողովածուն

Բանաստեղծություններիս առանցքում մարդն է. Վասիլ Կույբիդան հայերեն 
թարգմանությամբ ներկայացրեց «Բանի առեղծվածը» ժողովածուն

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինացի գրող Վասիլ Կույբիդայի «Բանի առեղծվածը» բանաստեղծությունների ժողովածուն կազմված է հինգ ենթաբաժիններից, որոնցից յուրաքանչյուրում ամփոփված են հեղինակի հույզերը, ապրումներն ու խոհափիլիսոփայական մտքերը, որոնց առանցքում մարդ արարածն է:  Գիրքը, որը թարգմանվել է հայերեն, ընթերցողներին ներկայացվեց  դեկտեմբերի 22-ին Հայաստանի ազգային գրադարանում:

 «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վասիլ Կույբիդան ընդգծեց՝ ինչի մասին էլ գրենք կամ խոսենք, կենտրոնում մարդն է, նրա աշխարհայացքն է, նրա մտքերն են: «Ինձ գրավում է մարդու հոգին: Գիտնականները բացահայտումներ են անում տիեզերքի մասին, իսկ մարդու հոգին մինչ օրս չբացահայտված է մնում: Ես ցանկանում եմ հասկանալ մարդուն, թե ինչպես է նա մտածում, ինչով է ապրում, և իմ մտքերն ու խոհերն այդ մասին արտահայտում եմ բանաստեղծությունների միջոցով: Չգիտեմ իմ ստեղծագործությունները կարելի՞ է բանաստեղծություն անվանել, թե ոչ, սակայն իմ մտորումներով այլ մարդկանց հրավիրում եմ հաղորդակցման, կարծիքների փոխանակման և միմյանց հասկանալու»,-շեշտեց նա:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Հեղինակը կարծում է՝ մարդիկ ապակու միջոցով բաժանված են միմյանցից, ասես թափանցիկ անջրպետ կա բոլորի միջև, քանի որ նրանցից յուրաքանչյուր տարբեր փորձ ունի, գիտելիքներ, բառը հասկանում է ըստ իր փորձի: «Մեզ համար մի կողմից բառն այն է, ինչը ստեղծում է աշխարհը, այդ թվում և մարդկանց միջև ծնվող աշխարհը, մյուս կողմից բառը խոչընդոտներ է ստեղծում, որոնք մենք պետք է հաղթահարենք և հասկանանք միմյանց»,-ասաց գրողը:

Վասիլ Կույբիդայի գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, հիմնականում՝ եվրոպական:  Թարգմանվել են նաև ճապոներեն, չինարեն, իսկ այժմ՝ հայերեն: Հեղինակին ոգևորել է ժողովածուի հայերեն թարգմանությունը, քանի որ արևելյան փիլիսոփայությունն իրեն ավելի հոգեհարազատ է, քան եվրոպականը: Ըստ նրա՝ դրա կենտրոնում մարդն է:

«Հայկական մշակույթը ինձ հետաքրքրել է դպրոցական տարիներից: Այդ ժամանակ առաջին անգամ ծանոթացա հայ ժողովրդի պատմությանը, կարդացի այն մասին, թե ինչպես է Մեսրոպ Մաշտոցը ստեղծել հայոց այբուբենը, ինձ գրավեց ժողովրդի՝ իր գոյատևմանն ուղղված  պայքարը, պայքար, որն ուղղված էր  պետության և ինքնության պահպանմանը, երբ օտարերը ցանկանում էին այն վերացնել: Դա ինձ պարզապես ցնցեց: Ես  բազմաթիվ զուգահեռներ եմ տարել հայ և ուկրաինացի ժողովուրդների միջև և կարծել եմ, որ շատ հարցերում ուկրաինացիները պետք է սովորեն հայերից, և երբ ինձ առաջարկեցին  իմ գրքերը հայերեն թարգմանել, շատ ուրախացա, որովհետև դա հնարավորություն կտա ինչ-որ կերպ առնչվել հայ ժողովրդի հարուստ մշակույթին»,-ասաց Վասիլ Կույբիդան::

Գրքի թարգմանիչ Անուշավան Մեսրոպյանը չի թարգմանում յուրաքանչյուր գիրք,  ընտրում է այն գործերը, որոնք իրեն հուզում են: «Այս ժողովածուն թերթելիս գտա հորը, մորը նվիրված բանաստեղծությունների շարք: Մի քանի տարի առաջ կորցրի հորս ու չկարողացա Ուկրաինայից գալ ու մասնացել նրա հրաժեշտի արարողությանը, և ինձ հարազատ էր այն ամենը, ինչ Կույբիդան գրել էր հոր մասին: Գրավեցին նաև փիլիսոփայական խոհերը, որոնք հետաքրքիր է կարդալ»,-նշեց թարգմանիչը:

Նա վստահություն հայտնեց, որ հայ ընթերցողը սիրով կկարդա  հեղինակի բանաստեղծությունները, որոնք երբեմն հիշեցնում են Թումանյանի, Սահյանի ստեղծագործությունները: Մեսրոպյանը չի բացառում, որ Վասիլ Կույբիդան կարող է դասական գրող դառնալ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորեց բոլորին գրքի հրատարակման առթիվ: Նա շնորհակալություն հայտնեց Մեսրոպյանին՝ նշելով, որ թարգմանիչը ինչ-որ չափով գրքի համահեղինակ է: «Ձեր շնորհիվ ուկրաինացի ընթերցողները ծանոթացել են Լևոն Խեչոյանի, Աղասի Այվազյանի և այլոց  ստեղծագործություններին, իսկ մենք վայելել ենք ուկրաինացի դասական ու ժամանակակից գրողների արժեքավոր տեքստեր»,-ասաց նա:

Փոխնախարարի խոսքով՝ նախարարությունը կարևորում է թարգմանական արվեստը, որի շնորհիվ հարստանում է մեր գրավոր ժառանգությունը: «Դեռ տարվա ամբողջ արդյունքները չենք ամփոփել, սակայն արդեն ունենք 2 հազար 348 հրատարակված գիրք, որոնցից 5 հարյուրը թարգմանություններ են: Չնայած խոչընդոտներին՝ գրահրատարակչության ոլորտում առկա են դրական զարգացումներ, ինչը դրսևորվում է հրատարակությունների բացարձակ թվի աճով և տպաքանակներով»,-տեղեկացրեց Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ եթե համաշխարհային գրականությունը դիտենք որպես մեծ տեքստ, ապա այդտեղ բոլոր գրողներն իրենց բառերն ու տողերն են ավելացնում,  և Կույբիդայի  «Բանի առեղծվածը» գիրքը ընդգծված թանաքով ավելացվում է համաշխարհային գրականության այդ տեքստին:

Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչը հատկապես այս բարդ ժամանակներում կարևորեց նման հանդիպումների անցկացումը՝ հավաստիացնելով, որ դրանք նպաստում են ուկրաինացի և հայ ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ու զարգացմանը: «Դա հնարավոր չէ ոչնչացնել քաղաքական կամ այլ ճնշումներով:  Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վասիլ Կույբիդային, Հայաստանի Հանրապետությանն ու բոլոր կազմակերպիչներին նման միջոցառման համար, որը կարող է հերթական դրական էջը լինել հայ-ուկրաինական հարաբերություններ մեջ»,-շեշտեց Վալերի Լոբաչը և մի բանաստեղծություն ընթերցեց գրքից՝ ասելով, որ այն իր սրտին դիպել է:

«Բանի առեղծվածը» գիրքը լույս է ընծայել «Էդիթ պրինտ» հրատարակչությունը, խմբագիրը Նունե Հովհաննիսյանն է, գրքում տեղ գտած նկարները պատկանում են ուկրաինաբնակ նկարիչ Բորիս Եղիազարյանի վրձնին:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am