Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Գարդման-Շիրվան-Նախիջևան միության հայտարարությունը Լուիս Մորենո Օկամպոյի երկրորդ զեկույցի վերաբերյալ

Գարդման-Շիրվան-Նախիջևան միության հայտարարությունը  Լուիս Մորենո 
Օկամպոյի երկրորդ զեկույցի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի երկրորդ զեկույցի վերաբերյալ։

«Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն դեկտեմբերի 18-ին հրապարակել է իր երկրորդ զեկույցը 2023 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանության վերաբերյալ։ Զեկույցը պարունակում է մի քանի առանցքային հիմնադրույթներ։ Այն մասնավորապես արձանագրում է, որ «Ցեղասպանության կոնվենցիայի 75-րդ տարելիցը հնարավորություն է տալիս դուրս գալ դատարկ «այլևս երբեք» խոստումներից»: Օկամպոն միանշանակ ճշգրիտ գնահատական է տալիս «այլևս երբեք» խոստմանը՝ ցույց տալով միջազգային դերակատարների ընտրանքային և կողմնակալ մոտեցումները ցեղասպանությունների կանխարգելման կամ «թույլատրման» հարցում։ Նման մոտեցումների առկայությունը զրոյացնում է միջազգային իրավունքի ուժը՝ ստեղծելով միջազգային անարխիզմի հսկայական վտանգ՝ լի մարդու իրավունքների հավանական ոտնահարման նոր սցենարներով։ 

Դեռևս իր նախորդ զեկույցում Լ․ Օկամպոն արձանագրել էր, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը ցեղասպանական վտանգներ է պարունակում։ Այժմ նա հստակորեն արձանագրում է, որ «Լաչինի միջանցքի շրջափակումից ի վեր, Ցեղասպանության կոնվենցիայի մասնակից պետությունները, որոնք ներգրավված են եղել Ադրբեջանի հետ քննարկումներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իսրայելը և Ռուսաստանը, տարբեր պատճառներով անտեսել են ստույգ և հասանելի տեղեկատվությունը Լեռնային Ղարաբաղի էթնիկ խմբի համար առկա լուրջ ռիսկի մասին: Փոխարենը, մեծամասնությունը ցանկանում էր նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր ռազմական գործողություններից խուսափելուն և հասնելու որոշակի տնտեսական և աշխարհաքաղաքական ազգային շահերի: Իսրայելը, օրինակ, շահում էր Ադրբեջանին զենքի զգալի վաճառքից»: Լ․ Օկամպոն խստորեն հիշեցնում է, որ Կոնվենցիայի մասնակից պետությունները չպետք է օգուտ քաղեն ցեղասպանությունից։

Այժմ նրանցից պահանջվում է ճշգրիտ գնահատականներ տալ Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևի ցեղասպանական մտադրությանը՝ հարձակվել Հայաստանի վրա։ Լ․ Օկամպոն մատնանշում է, որ անհրաժեշտ է «ապահովել փոխհատուցում նրանց համար, ովքեր կորցրել են իրենց կյանքն ու ունեցվածքը Լեռնային Ղարաբաղում, երաշխավորել էթնիկ խմբի իրավունքները՝ անվտանգ վերադառնալու իրենց պապենական հողը, և ազատ արձակել «հայ գերիներին», այդ թվում Լեռնային Ղարաբաղի երեք նախկին նախագահներին և հինգ այլ նախկին պաշտոնյաների, որոնց նկատմամբ քաղաքականությունը համապատասխանում է Ցեղասպանության կանվենցիայի II՝ «լուրջ մարմնական և հոգեկան վնասի» մասին դրույթին։ Լ․ Օկամպոն ևս մեկ՝ չափազանց կարևոր դիտարկում է կատարում՝ հայ նախկին պաշտոնյաների գերությունը նկարագրելով որպես ուղերձ Ադրբեջանի կողմից բռնագաղթի ենթարկված Լեռնային Ղարաբաղի հայությանը․ այն է «Եթե վերադառնաք, սովամահ կլինեք, կբանտարկվեք կամ կսպանվեք»։ Սա է ադրբեջանական «ինտեգրացիայի» մասին ողջ ճշմարտությունը։ 

Թեև Լ․ Օկամպոյի դիտարկումները վերաբերվում են Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ Ադրբեջանի քաղաքականությանը, սակայն բոլոր դիտարկումները հավասարապես տարածելի են 1988-1992թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի էթնիկ հայության հայրենազրկման և բռնագաղթի նկատմամբ, երբ արձանագրվել են Ցեղասպանության կոնվենցիայի գրեթե բոլոր դրույթների խախտումներ։ Սա էթնոֆոբիայի և ռասիզմի կատարյալ դրսևորում էր, որը կրկնման հնարավորություն ստացավ միջազգային դերակատարների անհամաչափ և ընտրանքային արձագանքի պատճառով։ 

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունում է Լ․ Օկամպոյի արդարացի ջաքները թե՛ ցեղասպանության արձանագրման, թե՛ մեղավորների ու պատասխանատուների հասցեագրման, թե՛ հավանական լուծումների առաջարկման համար։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը համապատասխան ջանքեր գործադրել ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության՝ միջազգայնորեն երաշխավորված, ապահով և անվտանգ վերադարձի իրավունքը իրացնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է հայտարարության մեջ։ 

։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am