Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Աշխարհում 3,3 միլիարդ մարդ զգում է գլոբալ տաքացման հետևանքների ազդեցությունն իրենց առողջության վրա. ԱՀԿ

Աշխարհում 3,3 միլիարդ մարդ զգում է գլոբալ տաքացման հետևանքների 
ազդեցությունն իրենց առողջության վրա. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում ավելի քան երեք միլիարդ մարդ ներկայումս զգում է գլոբալ տաքացման հետևանքներն իրենց առողջության վրա,  յուրաքանչյուր չորս վայրկյանը մեկ մարդ մահանում է էկոլոգիայի հետ կապված հետևանքների պատճառով, որոնք կարող էին կանխվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին դեկտեմբերի 3-ին Դուբայում ՄԱԿ-ի Կլիմայական համաժողովում (COP28) Առողջապահության օրվա ընթացքում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի՝ կլիմայի փոփոխության և առողջապահության հարցերով հատուկ բանագնաց Վանեսա Քերին:

«Այժմ մեր աշխարհում արդեն 3,3 միլիարդ մարդ շատ խոցելի է կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ աշխարհում յուրաքանչյուր չորրորդ մահը տեղի է ունենում կանխարգելման հնարավորություն ունեցող էկոլոգիական պատճառներով, և կլիմայի փոփոխությունն էլ ավելի է խորացնում այդ ռիսկերը: Մեկ մարդ մահանում է յուրաքանչյուր չորս վայրկյանը մեկ՝ կանխարգելման հնարավորություն ունեցող էկոլոգիական պատճառներով, ինչը ավելին է, քան ամբողջ COVID-19 համավարակի ընթացքում: «Մինչ ես ավարտեմ այս նախադասությունը, ևս մեկ մարդ կմահանա, և այդ մահերի 61%-ն ուղղակիորեն կապված է հանածո վառելիքի օգտագործման հետ»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ հաջորդ տասնամյակի ընթացքում աշխարհը ականատես կլինի «կանխարգելման հնարավորություն ունեցող մահացության արագացմանը և միլիոնավոր մարդկանց հիվանդացության աճին, որոնք տառապում են ոչ վարակիչ հիվանդությունների, տրանսմիսիոն հիվանդությունների, մայրական և նորածնային զարգացման ոլորտում արտակարգ իրավիճակների և հոգեկան առողջության խնդիրների կլիմայական ուժեղացման հետևանքով»:

Նա բերել Է Պակիստանի օրինակը, որը հասել էր որոշ նահանգներում մալարիայի գրեթե ամբողջական վերացմանը, սակայն 2022-ի ջրհեղեղներից հետո այդ երկրում մալարիայով հիվանդացության դեպքերի թիվը քառապատկվել է՝ հասնելով ավելի քան 1,6 միլիոնի։ Բացի այդ, Քերիի խոսքով, Մալավիում երկրի պատմության մեջ խոլերայի ամենասարսափելի բռնկումը պայմանավորված է եղել կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած ուժեղ փոթորիկներով:

«Յուրաքանչյուր կլիմայական իրադարձություն իր հետևից թողնում է ավերածություններ, մահ և առողջական բարդությունների երկար պատմություն»,- ավելացրել է նա:

«Առողջության վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը ոչնչացնում է ապրուստի միջոցները և սպառնում անհատական և հավաքական անվտանգությանը։ Մենք պետք է ընդունենք, որ, հանածո վառելիքից փուլ առ փուլ հրաժարվելուց բացի, այլ ճանապարհ չկա։ Ջերմոցային գազերի հետևանքների պարզ մեղմացումն ու արտանետումների նվազեցումն այլևս ընտրություն չէ: Կլիմայի և առողջության փոխկապակցվածության հիմքում ընկած է այն ընտրությունը, թե արդյոք մենք պատրաստ ենք փոփոխել ստատուս քվոն»,- եզրափակել է Քերին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am