Պաշտոնական

Կառավարությունում կայացել է Հայաստան-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի առաջին նիստը

3 րոպեի ընթերցում

Կառավարությունում կայացել է Հայաստան-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի առաջին նիստը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը պաշտոնապես ազդարարել են Համատեղ ղեկավար կոմիտեի աշխատանքների մեկնարկը, որը «2021-2025 թվականների Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման համագործակցության շրջանակ» փաստաթղթի իրագործման առանցքային հենակետն է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի շրջանակներում Համատեղ ղեկավար կոմիտեն քննարկել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացում Հայաստանի Հանրապետության առաջընթացը և առաջացած մարտահրավերները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների զանգվածային ներհոսքի հետևանքով: Կոմիտեն ընդգծել է փախստականների հումանիտար և զարգացման կարիքները համապարփակ լուծման և նրանց կայուն զարգացման ապահովման կարևորությունը: Կոմիտեն ընդգծել է նաև ՄԱԿ-ի ԿԶՀ-ի իրականացման ուղղությամբ հետագա միջոցառումների նախանշման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով երկրում առկա սոցիալ-տնտեսական, հումանիտար և անվտանգային իրավիճակը:

Ըստ աղբյուրի՝ բացման խոսքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է. «Հայաստանը, հավատարիմ լինելով 2030 օրակարգի իրականացմանը, շարունակում է ջանքեր գործադրել Կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ: Այդ հանձնառության վառ ապացույցը Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների՝ մարդակենտրոն, ներառական և մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված հավակնոտ օրակարգն է: Կայուն զարգացման և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին Միավորված ազգերի կազմակերպությունը եղել և մնում է մեր կարևորագույն գործընկերներից մեկը, ով մշտապես աջակից է եղել Հայաստանում սոցիալ-տնտեսական առաջընթացի, լավ կառավարման համակարգի ներդրման և մի շարք այլ աշխատանքներում»:

Նշվում է, որ անդրանիկ նիստի ընթացքում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն հայտարարել է. «Համատեղ ղեկավար կոմիտեի գործարկումը մեծ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի միջև առկա գործընկերության համար: Բաց երկխոսության պայմաններում, ՀՀ կառավարությունն ու Միավորված ազգերի կազմակերպությունն ունեն երկրների զարգացման ընդհանուր տեսլական: Հենց այս երկխոսության միջոցով մենք ջանքեր են գործադրում մարդկանց հզորացման, կարողությունների զարգացման և նպաստավոր միջավայրի ստեղծման ուղղությամբ»:

Ընդգծվել է, որ համագործակցության, ներառականության և հաշվետվողականության հանձնառությամբ՝ Ղեկավար կոմիտեի նիստերը կգումարվեն առնվազն տարին մեկ անգամ՝ ամրապնդելով Հայաստանի կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության միջև կայուն և զարգացող գործընկերության հիմքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում