ԱՄԷ-ն պատրաստակամ է աջակցել ՀՀ ՆԳ նախարարությանը. փոխնախարարն ընդունել է արտակարգ և լիազոր դեսպանին
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Արփինե Սարգսյանը ներկայացրել է Ներքին գործերի նախարարության ձևավորման և ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումների ընթացքը։
«Նա առանձնացրել է մի շարք ուղղություններ և առաջնահերթություններ՝ անդրադառնալով ՆԳ նախարարության անձնակազմի կարողությունների զարգացմանը, ոստիկանության հիմնական հենասյունային ուղղությունների՝ հատկապես քրեական ոստիկանության կադրերի պատրաստման, գործիքակազմերի ընդլայնման, ինչպես նաև քրեական վարույթներով գործընկերության խորացմանը վերաբերող հարցերին։
Արփինե Սարգսյանն ընդգծել է հատկապես փրկարար ծառայության աշխատակիցների հմտությունների զարգացման ու կարողությունների ընդլայնմանն ուղղված վերապատրաստումների կարևորությունը, ինչպես նաև անդրադարձել է ծառայության տեխնիկական միջոցների հագեցվածության խնդրին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ ԱՄԷ դեսպան Նարիման Ալ-Մուլլան բարձր է գնահատել արդեն իսկ ձևավորված համագործակցությունը՝ ողջունելով Ներքին գործերի նախարարությունում իրականացվող բարեփոխումները։ Նա հայտնել է ՀՀ ՆԳ նախարարությանն աջակցելու պատրաստակամություն:
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում նորարար լուծումների ներդրման և փորձի փոխանակման հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու և ամրապնդելու երկկողմ արդյունավետ համագործակցությունը։