Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ինչպես ապահովել «խաղաղության խաչմերուկի» անվտանգությունը

Ինչպես ապահովել «խաղաղության խաչմերուկի» անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը Հարավային Կովկասում կայուն և երկարաժամկետ խաղաղության հաստատման կարևոր նախապայմաններից մեկն է: Հաղորդակցության ուղիների վերագործարկումը եղել է հայ-ադրբեջանական բանակցությունների բաղկացուցիչ մաս՝ դիտարկվելով որպես հակամարտության կարգավորման տարր: Այս խնդրին անդրադարձ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջ քաշված կարգավորման մի շարք տարբերակներում: Հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը ինտենսիվ քննարկումների առարկա է դարձել նաև 2020 թվականի պատերազմից հետո: Այս խնդրին անդրադարձ է կատարվել 2020 թ. նոյեմբերի 10-ին և 2021 թ. հունվարի 11-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարություններում, ձևավորվել է երեք երկրների փոխվարչապետերի ղեկավարությամբ գործող համապատասխան աշխատանքային խումբ:

Միևնույն ժամանակ, 2020 թվականի պատերազմի ավարտից անմիջապես հետո Ադրբեջանը շրջանառության մեջ է դրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը, որը պետք է Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը շաղկապեց Լաչինի միջանցքի գործունեության հետ, և նույնիսկ 2023 թ. սեպտեմբերին արցախահայերի բռնի տեղահանումից հետո, երբ Լաչինի միջանցքը դադարել է գործելուց, Ադրբեջանը չի հրաժարվում այս եզրույթի օգտագործումից:

Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի ինքնիշխանությունը Սյունիքի մարզի նկատմամբ, և որևէ մտադրություն չունի ռազմական գործողություններ սկսել «Զանգեզուրի միջանցքն» ուժով բացելու նպատակով: Ավելին, 2023 թ. հոկտեմբերի վերջին Ադրբեջանը Իրանի հետ հուշագիր է ստորագրել Ադրբեջան - Իրան երկաթուղային և ավտոմոբիլային կամուրջների կառուցման վերաբերյալ, որոնք ենթադրաբար, այլընտրանք են Սյունիքի մարզով Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհներին:  

Այնուամենայնիվ, չնայած այս զարգացումներին, դժվար է պնդել, որ Ադրբեջանը հրաժարվել է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից: Վերջին շրջանում Ադրբեջանի ներկայացուցիչները հայտարարում են, որ «հավելյալ երաշխիքներ են անհրաժեշտ» Հայաստանի տարածքով երթևեկող ադրբեջանցիների համար: Այս գաղափարը բավականին անորոշ է, և կարող է տարբեր տարընթերցումների տեղիք տալ: Ադրբեջանը փորձում է «Զանգեզուրի միջանցքը» կապել Չինաստանից Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի, Հարավային Կովկասի և Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա ձգվող «Միջին միջանցքի» ծրագրի հետ՝ փորձելով ստանալ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների աջակցությունը «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցում:

2020 թ. Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի կառավարության դիրքորոշումը հստակ է. Հայաստանը կողմ է հաղորդակցության ուղիների բացմանը: Հայաստանի համար հատկապես կարևոր նշանակություն ունի Նախիջևանի տարածքով Իրանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը, որը կարող է իրական հնարավորություններ ստեղծել «Պարսից Ծոց – Սև Ծով» մուլտիմոդալ միջանցքի գործարկման համար՝ երկաթուղային կապ հաստատելով Պարսից ծոցի իրանական և Սև Ծովի վրացական նավահանգիստների միջև: Հայաստան – Թուրքիա երկաթուղու վերականգնումը հնարավորություն կտա Հայաստանին երկաթուղային կապ հաստատել ինչպես Եվրոպայի, այնպես էլ Թուրքիայի միջերկրածովյան նավահանգիստների հետ: Մեկ այլ հնարավորություն է Հայաստան – Ռուսաստան երկաթուղու վերագործարկումը Ադրբեջանի տարածքով:

Հայաստանը գտնում է, որ բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են, և յուրաքանչյուր պետություն իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով պետք է իրականացնի սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովի ենթակառուցվածքների, ներառյալ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը:

Այս սկզբունքները Հայաստանի վարչապետը ևս մեկ անգամ ներկայացրեց 2023 թ. հոկտեմբերի 26-ին Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ընթացքում: Հարկ է նշել, որ դրանք համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին և առնվազն հանրային մակարդակում այդ սկզբունքներն աջակցություն են ստանում հաղորդակցության ուղիների բացմամբ շահագրգիռ բոլոր պետությունների կողմից: Համաժողովում Հայաստանի վարչապետը հանդես եկավ «Խաղաղության խաչմերուկ» նախագծով, որի նպատակը հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանում կայուն խաղաղության նպատակին ծառայեցնելն է: Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցության ուղիների անվտանգության ապահովման նպատակով Հայաստանի իրավապահ համակարգում ստեղծվել է համապատասխան կառույց:

Հաշվի առնելով տարածաշրջանային հաղորդակցության ուղիների նկատմամբ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների աճող հետաքրքրությունը` չի կարելի բացառել, որ դրանց գործարկումը, ինչպես նաև դրանց նկատմամբ այս կամ այն ազդեցության ձեռք բերումը կարող է դառնալ Ռուսաստան – Արևմուտք աշխարհաքաղաքական մրցակցության առարկա: Հենվելով 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարության 9-րդ կետի վրա՝ Ռուսաստանը շարունակում է պնդել, որ ՌԴ-ի սահմանապահ զորքերը որոշակի ներգրավվածություն պետք է ունենան Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող հաղորդակցության ուղիների անվտանգության ապահովման գործընթացում:

Ռուսական կողմը, կարծես թե, որոշակի մտահոգություններ ունի, որ ռուսական ներգրավվածության բացառումը կհանգեցնի ոչ թե ուղիների նկատմամբ բացառապես հայկական վերահսկողության իրականացմանը, այլ այս կամ այն տարբերակով կբերի Արևմուտքի ներգրավմանն այս գործընթացում: ԵՄ-ն և ԱՄՆ-ը շահագրգռված են հաղորդակցության ուղիների ապաշրջափակմամբ, սակայն մտահոգություններ ունեն դրանց նկատմամբ որևէ տարբերակով ռուսական վերահսկողության հաստատման հարցում: Հաղորդակցության ուղիների անվտանգության ապահովումը կարող է դառնալ աշխարհաքաղաքական մրցակցության առարկա, ինչը ոչ միայն կարող է խոչընդոտել հաղորդակցության ուղիների վերագործարկմանը, այլև հավելյալ աշխարհաքաղաքական ռիսկեր ստեղծել Հայաստանի համար:

Ստեղծված պայմաններում Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցության ուղիների անվտանգության ապահովման ռիսկերի կառավարման, ինչպես նաև մաքսային վերահսկողության գործառույթների իրականացման համար կարելի է դիտարկել նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներգրավման հնարավորությունը: Դա թույլ կտա մեղմել տարբեր դերակատարների մոտ առկա մտահոգությունները, և միևնույն ժամանակ ապահովել Հայաստանի լիարժեք ինքնիշխանությունն իր տարածքով անցնող հաղորդակցության ուղիների նկատմամբ: Այս համատեքստում ուշադրության է արժանի շվեյցարական SGS ընկերության փորձը, որը 2011 թվականից Ռուսաստանի և Վրաստանի հետ համաձայնությամբ քայլեր է ձեռնարկում Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքով բեռնափոխադրումների իրականացումը վերականգնելու ուղղությամբ:

Ակնհայտ է, որ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հնարավոր է հասնել միայն հաղորդակցության ուղիների ապաշրջափակման պայմաններում: Հայաստանը պետք է շարունակի քայլեր կատարել այս ուղղությամբ՝ միևնույն ժամանակ բացառելով հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ներքո սեփական ինքնիշխանության նկատմամբ ցանկացած ոտնձգություն: Այս համատեքստում նպատակահարմար է շարունակել ակտիվ շրջանառել «խաղաղության խաչմերուկ» կոնցեպտը՝ այդ նպատակով օգտագործելով ինչպես պետական մարմինների, այնպես էլ փորձագիտական հանրույթի ռեսուրսը: Միաժամանակ նպատակահարմար է փորձագիտական մակարդակով քննարկումներ սկսել հաղորդակցության ուղիների անվտանգության ապահովման և մաքսային գործառույթների իրականացման գործընթացում միջազգային կազմակերպությունների ներգրավման նպատակահարմարության վերաբերյալ:

 

Բենիամին Պողոսյան, ԱՊՐԻ Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ վերլուծաբան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am