Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Միջազգային դատարաններում Հայաստանի շահերի ներկայացմանն ու պաշտպանության ուղղվող գումարները կավելանան

Միջազգային դատարաններում Հայաստանի շահերի ներկայացմանն ու 
պաշտպանության ուղղվող գումարները կավելանան

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային դատական ատյաններում Հայաստանի շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղվող հատկացումները 2024 թվականին կավելանան․ ավելացումը հիմնականում վերաբերում է միջպետական գանգատների շրջանակներում ներկայացուցչության ապահովմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականին պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նկատեց, որ բյուջեի նախագծում միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացման և պաշտպանության, դրանից կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման մասով հատկացումը 1.8 մլրդ դրամից հասցվել է 3.8 մլրդ դրամի: Նա հետաքրքրվեց, թե սա ինչի՞ հետևանք է:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանն ասաց, որ պատգամավորի մատնանշած ծրագիրը բաղկացած է երկու միջոցառումից: Դրա գերակշիռ մասը վերաբերում է Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանն ու պաշտպանությանը: «Հենց այս միջոցառման գծով ավելի մեծ ավելացում ունենք, 1.8 մլրդ դրամը վերաբերվում է տարբեր միջազգային, արբիտրաժային դատարաններում Հայաստանի շահերի պաշտպանությանը: Սա, ըստ էության, ենթադրում է որոշակի խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում: Այսինքն՝ 1.8 մլրդ ավելացումը վերաբերում է դրան»,-ասաց Խաչատրյանը:

Իսկ ինչ վերաբերում է վճիռների մասով համապատասխան փոխհատուցումների իրականացմանը, ապա ավելացումը 210 մլն դրամի չափով է՝ 2023-ի հաստատված բյուջեի նկատմամբ:

Պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց նաև ՀՀ շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն համար փաստաբանական ու իրավաբանական ծառայություններին ուղղվող գումարից և հարցրեց. «Հայաստանի Հանրապետության շահեր ասելով՝ ի՞նչ նկատի ունենք. Հայաստանի քաղաքացին դիմել է Եվրոպական դատարան և Հայաստանից պահանջ ունի, մենք էլ միլիոնավոր դրամներ ե՞նք ծախսում փաստաբանական ծառայության վրա, դրա՞ մասին է խոսքը: Թե՞ օրինակ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերի մասին է»:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը պարզաբանեց՝ անհատական գանգատների դեպքում, այսինքն՝ երբ ՀՀ քաղաքացին Եվրոպական դատարանում Հայաստանի դեմ գանգատ է ներկայացնում, Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը իրականացնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչն իր գրասենյակի միջոցներով: «Ավելացումը, բյուջեի գերակշռող մասը վերաբերում է միջպետական գանգատներով, այսինքն՝ տարբեր միջազգային դատական ատյաններում իրականացվող Հայաստան-Ադրբեջան միջպետական գանգատների շրջանակներում ներկայացուցչության ապահովմանը, որտեղ իրականացվում է փաստաբանական ծառայությունների, խորհրդատվության գնում: Իսկ երկրորդ դեպքում ներդրումային արբիտրաժային գործերով արբիտրաժային կենտրոններին վճարվող գումարների մասին է խոսքը»,-ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am