Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով զոհվել է ավելի քան 200 զինծառայող և քաղաքացիական անձ

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով զոհվել է 
ավելի քան 200 զինծառայող և քաղաքացիական անձ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել է ավելի քան 200 զինծառայող և քաղաքացիական անձ, շուրջ 12 քաղաքացիական անձ և 30 զինծառայող համարվում է անհետ կորած։ 

Առկա են ադրբեջանցիների կողմից առնվազն 14 անձի խոշտանգման ենթարկելու դեպքեր, որոնցից 12-ը զինծառայող են, 2-ը՝ քաղաքացիական անձ։ Ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է 3 երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 231 զինծառայող և 80 քաղաքացիական անձ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:

Նա նաև հայտնել է, որ Ադրբեջանի ագրեսիային հաջորդած բռնագաղթի ընթացքում արձանագրվել է 64 քաղաքացիական անձի մահ, որոնք ուղիղ պատճառական կապի մեջ են պաշարման ժամանակահատվածում, էթնիկ զտումների գործողությունների և տեղահանության ընթացքում կրած զրկանքների՝ սովի, դեղորայքային և բժշկական օգնության բացակայության և այլնի հետ։

Անդրադառնալով առևանգումներին և գերեվարումներին՝ Վարդանյանն ասել է՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ կա ֆիքսված 16 անձ: Նրանցից տասը քաղաքացիական անձիք են: Գերեվարված 16 անձանցից ութը Բաքվի բանտերում շինծու մեղադրանքներով կալանավորված Լեռնային Ղարաբաղի նախկին և ներկա քաղաքական ղեկավարության անդամներն են: 44-օրյա պատերազմից հետո մինչև սեպտեմբերի 19-ը հաստատված և Ադրբեջանում ապօրինի պահվող ևս 37 անձ կա:

Պաշտոնատար անձանց, զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերաբերյալ Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու պահանջ է ներկայացվել:

«Այս պահի դրությամբ ինը անձի մասով մենք ունենք Ադրբեջանի կողմից հաստատում, որ տվյալ անձիք գերության մեջ են: Մյուսների հետ կապված գործընթացը դեռ ընթացքի մեջ է»,-նշել է Վարդանյանը:

Նրա խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինը համագործակցում է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայատանյան գրասենյակի հետ: Այժմ վարույթի շրջանակում իրականացվում են մեծածավալ քննչական և վարույթային գործողություններ, հարցաքննություններ, մարմինների զննություններ: Նշանակվել են մի շարք՝ այդ թվում դատագենետիկական, դատաբժշկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել:

«Զոհված անձանց հարազատները ճանաչվել են որպես տուժող: Նույնականացան գործընթացը դեռ չի ավարտվել: Վարույթն իրականացնող մարմնի կողմից նաև ֆիքսված են բոլոր այն անձինք, ովքեր բռնի տեղահանման են ենթարկվել»,-շեշտել է Ռաֆայել Վարդանյանը:

Բռնի տեղահանված ավելի քան հարյուր հազար հայ ճանաչվելու է տուժող: Վարդանյանը հորդորում է այն անձանց, ովքեր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ տեղեկություններ ունեն, դիմեն Քննչական կոմիտե: Անձի գաղտնիությունը երաշխավորվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am